Պատերազմի օրերին ոչ միայն մենք էինք սպառվում, այլ նաեւ Ադրբեջանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մտավորականների ու մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանն էլ էր ուզում կանգնեցնել գործողությունները, որովհետեւ ինքն էլ չէր կարող երկար շարունակել. «Այդ առումով եթե մենք նորմալ ղեկավար ունենայինք, նա շատ մեծ առեւտուր կարող էր անել, բանակցությունների միջոցով կարող էր այդ փաստաթուղթն ուրիշ դարձնել: Այնքան անգրագետ փաստաթուղթ է, որ Քելբաջարից դուրս գալու համար 5-10 օր էր տրված:
Հիմա այդ համաձայնագրի հետեւում կանգնած է ուժ, մեր ուժը չի երեւում: Այդ համաձայնագիրը ունի շատ բաց տեղեր: Սովորաբար նման համաձայնագրերի տակ լինում են գաղտնի հավելվածներ, տասնյակ էջեր, հիմա ոչ մի բան չկա: Դա նշանակում է, որ բանակցությունների միջոցով այս կամ այն կետը կարելիէ ուղղել մեր օգտին, բայց ո՞վ է բանակցությունները վարելու: Այն մարդը, որ մեր երկիրը տարավ պարտությա՞ն: Իրեն չեն ընդունում, ամբողջ աշխարհի համար ինքը քաղաքական դիակ է»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
Նա նկատեց, որ հիմա հարձակումներ են լինում Արցախի ու Հայաստանի սահմանների վրա, բայց ՀՀ իշխանությունների կողմից որեւէ որոշում չի ընդունվում:
«Շատ բնական է, որ պարտված պատերազմից հետո ղեկավարը հեռանում է: Մեր պատերազմի հետեւանքների վերացումը եւ ոտքի կանգնելը կսկսվի այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը գնա: Բոլորը հասկանում են, որ ինքը պետք է գնա, բացի իրենից: Ամեն կորած օրը մեզ վրա շատ ծանր է նստում: Դրանից հետո հսկայական գործընթաց պետք է գնա այս համաձայնագիրը կյանքի բերելու եւ որոշ կետեր մեկնաբանել այնպես, ինչպես մենք կուզենանք: Այդ պայմանագիրը նաեւ հնարավորություն տվեց, որ ռուս խաղաղապահ զորքեր մտնեն այստեղ եւ հիմա իրենք են մեր անվտանգության երաշխիքը: Եթե առաջ այդ երաշխավորը մեր բանակն էր, հիմա դարձան ռուսական խաղաղապահ զորքերը»,-ընդգծեց Վազգեն Մանուկյանը:
«Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո մենք ունենալու ենք շատ ծանր մի ժամանակաշրջան, որը տրված է անցումային կառավարության վրա. դա եւ պայմանագրերի մեկնաբանությունն է, նաեւ գերիներ, փախստականներ, անհետ կորածներ, զոհվածներ: Իսկ հետո ի՞նչ է լինելու, մենք կկարողանա՞նք ոտքի կանգնել ու դառնալ ուժեղ պետություն»,-ընդգծեց Մանուկյանը՝ նկատելով, որ Գերմանիան ու Ճապոնիան կապիտուլյացիա ստորագրելուց հետո կարողացել են ոտքի կանգնել:











