Армянская вендетта- տելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որում Կուբաթլուի բարձունքը պահած դիրքապահը ցույց է տալիս Կուբաթլուից նահանջելուց հետո իրենց պահած դիրքերն եւ ասում, որ արդեն իրենց պահած բարձունքները հանձնելու որոշում կա։
«Շատ աբիդնի ա, էս սարերը պահում էի ու 2 այ սենց սարեր պարզում ա արդեն տվել ենք։ Սահմանը ստեղից էինք պահում, Կուբաթլուն տալուց նահանջել էինք, հիմա էս էլ ենք տալիս։ Մի 10-20 կիլոմետր տարածք ա»,- պատմում է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստում ասել էր. «Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու եւ Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն՝ հենց այս հատվածին է վերաբերվում: Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների եւ կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչեւ կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ: Իրադրության լուծման մի քանի առաջարկներ եւ տարբերակներ կան եւ մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որեւէ մեկի վերաբերյալ»։











