Ներկայիս իրավիճակն ավելի սարսափելի է, քան թվում է: Մենք ունենք ոչ միայն տարածքային եւ մարդկային կորուստներ, այլեւ կորցնում ենք վստահությունը մեր երկրի ապագայի հանդեպ, կորցնում ենք մեր խոցված արժանապատվությունը, այլ ժողովուրդների հարգանքը, եւ հարց է առաջանում՝ կկարողանա՞նք ոտքի կանգնել: Այս մասին դեկտեմբերի 15-ին երիտասարդների հետ հանդիպմանն ասաց Հանուն հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Միաժամանակ նա համոզմունք հայտնեց, որ ընդդիմությունը կկարողանա ստեղծել այն պետությունը, որի մասին երազում են բոլորը: «Պատերազմը չի ավարտվել: Պատերազմի ակտիվ փուլն ավարտված է, բայց տեղային մանր բախումներն ու տեղական նշանակության մարտերը շարունակվում են, որոնց ժամանակ մեզ անպաշտպան եւ կոտրված ենք զգում: Բանակն ու կառավարությունը կաթվածահար են: Տեղի բնակչությունը նրանցից որեւէ էական օգնություն չի ստանում: Այդ պատճառով մեր առջեւ ծառացել է այն հարցը, թե ինչպես ենք դուրս գալու ստեղծված իրավիճակից եւ ուր ենք գնալու»,- ասաց Մանուկյանը: