Չափազանց ծանր կրակի տակից վիրավորներին դուրս էին բերում ռազմադաշտից։ Դա էր պատճառը, որ մենք այդքան մեծ թվով բժիշկների, բուժակների և շտապ օգնության մեքենաների վարորդների կորուստ ունեցանք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Տոնոյան» բժշկական կենտրոնի տնօրեն, վիրաբույժ Տարոն Տոնոյանը, ով պատերազմի առաջին օրից մեկնել էր Արցախ՝ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
«Փառք տղաներին, որ սեփական կյանքը վտանգելով վիրավորներին առաջնագծից բերում էին ռազմադաշտային հոսպիտալ: Բայց բուժծառայությունը վստահորեն կարելի էր ավելի լավ կազմակերպել և այդ կազմակերպվածությունը կախված էր ոչ թե տվյալ օղակի հոսպիտալի պետից, այլ բանակի բուժծառայությունը պետք էր ավելի լավ պատրաստել պատերազմին»,- ընդգծեց նա։
Այն օղակներում, որտեղ եղել է վիրաբույժ Տոնոյանը, բժշկական սարքավորումներով բավականին ապահովված են եղել։ Պատերազմի ժամանակ շատ էր խոսվում, որ վիրավորումները շատ ծանր են, բժիշկները «երազում» էին, որ վիրավորը հրազենային վնասվածք ունենար։
«Պատերազմի առաջին օրերին հիմնականում բեկորային վնասվածքներ էին, մեծամասամբ վիրավորումները ստորին և վերին վերջույթների շրջանում էր, դա պայմանավորված էր նրանով, որ մեր կանոնավոր բանակը պարտադիր կարգով կրում էր զրահաբաճկոն, սաղավարտ։ Երբ սկսեց մոբիլիզացիան, ցավոք, զրահաբաճկոն և սաղավարտ չկրելու պարագայում թե՛ զոհեր շատ ունեցանք՝ կրծքավանդակի և որովայնի վնասվածքներով, թե՛ վիրավոր շատ ունեցանք։ Շուշիի մատույցների, Հադրութի մարտերում ունեցել ենք հրազենային գնդակային վնասվածքներով բազմաթիվ վիրավորներ, սա նշանակում է, որ մոտակա մարտեր են եղել և մերոնք չեն փախել, եթե փախնող լինեին՝ էդքան գնդակային վիրավորումներ չէր լինի, փախնողը փախել է, բայց կռվողն էլ լավ կռվել է»,- նշեց վիրաբույժը։
Օրերս բժշկական համայնքը հայտարարություն էր տարածել և պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Տարոն Տոնոյանը նրանց շարքում էր: Նրա խոսքով՝ վերջին օրերին հայտարարությանը միացողներ եղել են, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանից, այլև արտասահմանցի մեր հայրենակիցները:
«Օր առաջ իշխանությունների հեռանալը շահեկան է ՀՀ-ի համար։ Օր առաջ պետք է էս քաոսից, տուռբոլենտությունից դուրս գալ, այսպես շարունակելը երկրի անվտանգությանը սպառնում է։ Բժիշկներն ապաքաղաքական են, բայց երբ արդեն նրանք են հասկանում և գործուն քայլերի գնում, սա նշանակում է, որ մեր պահանջը ճիշտ է և օրհասական»,- ընդգծեց Տարոն Տոնոյանը:











