Այսօր «Իմ քայլի» պատգամավորների եւ վարչապետի հանդիպման օրակարգում պետք է լիներ հիմնականում Ընտրական օրենսգիրքը, դա էր պատճառը, որ պատգամավորները լրիվ այստեղ էին, նաեւ կառավարությունից, բայց քանի որ կային ավելի հրատապ օրակարգային խնդիրներ, թեման եւ խոսակցությունը զարգացավ այլ ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
«Մասնավորապես, այն խնդիրները, որոնք վերաբերում էին ներքաղաքական հարցերին, սահմանում տիրող իրավիճակներին, գիտեք, որ երեկ գերիների մեծ խմբի վերադարձ է եղել, քննարկել ենք հաջորդ փուլերի տրամաբանությունը եւ ինչ գործողություններով ենք առաջ գնալու»,-ասաց նա՝ հավելելով, որ այս հանդիպման նախաձեռնությունը եղել է խմբակցության կողմից:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ որոշ տեղեկություններով Հադրութի շրջանի Նոր թաղեր եւ Խծաբերդ գյուղերը այժմ արդեն ռուսական վերահսկողության տակ չեն գտնվում, Բաղդասարյանը պատասխանեց. «Որոշակի հատվածներում, որտեղ դեռ ճշտված մոտեցումներ կան՝ կապված նրա հետ, թե այդ տարածքների վերաբերյալ ինչ վերահսկողություն է լինելու, այս պահին քննարկվում է ռուս խաղաղապահների հետ, որպեսզի տեղաբաշխումը լինի ամբողջ ծավալով, որպեսզի նման խնդիրները, որը մենք հանգստյան օրերին ականատես եղանք, դա բացառենք: Այս առիթով վարչապետն ուղիղ կապի մեջ է ՌԴ նախագահի հետ եւ գործողությունների ու քայլերի տրամաբանությունը քննարկվում է»:
Նա ընդգծեց, որ այս պահին դրությամբ իրենց ունեցած վերջին տվյալներով այդ երկու գյուղերում ռուս խաղաղապահներն են:











