Հայաստանի ՊՆ շենքի մոտ անհետ կորածների հարազատների ու ծնողների բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը լարվել է. հարազատներից մեկը բորբոքված հայտարարեց. «Արա Նիկոլ, մենք մի օր տենալու ենք իրար, հիշիր դեմքս: 10 տարի էլ անցնի, մենք իրար տենալու ենք, քո երեխեքը նորմալ չեն ապրելու»:
Ակցիայի մյուս մասնակիցները փորձում էին հանգստացնել տղամարդուն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊՆ-ի մոտ առավոտից հավաքվել են անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք բորբոքված կոտրել են դուռը, մտել են ՊՆ շենքի տարածք:
Նշենք, որ նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ 100-ից ավելի զինծառայողներ գերեվարվել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղել եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ:
Այս առնչությամբ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»:
Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ, որոնք տեղեկացել են իրենց հարազատների գերեվարության մասին, Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել:











