Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ունի եւ՛ անվտանգային, եւ՛ հումանիտար նշանակություն մեր ժողովրդի համար: Այս մասին իր ուղերձում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հաջորդ ուղղությունը մարդասիրական հարցերի կարգավորումն է, որը ներառում է թե՛ գերիներին ու անհետ կորածներին առնչվող խնդիրների լուծում, թե՛ տեղահանված անձանց իրենց բնակավայրեր վերադարձի ապահովում, թե՛ հոգեւոր-մշակութային ժառանգության պատշաճ պաշտպանություն: Այդ համատեքստում շատ կարեւոր է միջազգային մարդասիրական շարունակական աջակցության ապահովումը, որի առաջամարտիկն է դարձել օտարերկրյա պետություններից Ռուսաստանի Դաշնությունը՝ Արցախին ցուցաբերվող ուղիղ ու մեծածավալ աջակցությամբ:

Հույս ունեմ, որ այլ պետություններ ու միջազգային խոշոր կազմակերպություններ օրինակ կվերցնեն Ռուսաստանից՝ վերջապես կոտրելով Արցախի միջազգային արհեստական մեկուսացման սառույցը: Անշուշտ, Հայաստանի Հանրապետության անվերապահ, մշտական ու անգնահատելի աջակցությունը Արցախին որեւէ կերպ չի կարելի դիտարկել այդ տեսանկյունից, եւ խոսքը բացառապես միջազգային աջակցության մասին է»: