Սեպտեմբերի 27-ից գնացել է, մինչեւ այսօր լուր չունեմ։ Վերջին անգամ ամսի 30-ին ենք խոսել, ասաց, որ Ջաբրայիլ է գնում՝ բոյի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ դիմաց հավաքված անհետ կորածներից մեկի մայրը։

3 ամիս որդուց լուր չունեցող մայրն ասաց՝ էլ դուռ չկա, որ ծեծած չլինի, բայց ոչ մի օգուտ, ոչ մի տեղեկություն չկա։

«Ինչքա՞ն կարելի է, գերեզման էլ չունենա էդ երեխեն։ Ո՞ւր է իմ երեխան, ո՞ւր։ Ինձ փողը չի հետաքրքրում, ես արյան փող ուտող չեմ, կշպրտեմ իրենց վրա։ Փաշինյանը չեմ, որ ծափ տամ, երբ ԱՄՆ-ից օգնություն եկավ, ինչ պետք չի էդ օգնությունը․․․Փաշինյանը լավ էլ գիտեր, որ ինքը թիկունք չունի կռվելու, խի արեց սա, ջհանդամ, թե նրանք լափել, կերել էին, էսքան զոհեր չէին տվել, մեղքը չեն էս երեխեքը։ Փաշինյանը չգիտե՞ր, որ զենք չունեն, ժանգոտած պատրոնը տվել են տղուս ձեռքը, ով վարորդ է,  ու ասել գնա առաջնագիծ կռվի, ո՞ւմ հետ կռիվ տա»,- հուզվելով ասաց մայրը։

Նրա որդին երկու անչափահաս երեխա ունի։