Ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից պարտադրված ծանրագույն պատերազմի հետեւանքով կորցնելով մեր սուրբ հայրենիքի զգալի մասը եւ հազարավոր պայծառ կյանքեր՝ այնուամենայնիվ, մեր ժողովրդի հավաքական ուժի եւ կամքի շնորհիվ, մեր նվիրյալ զավակների արյան գնով մեզ հաջողվել է պահպանել Արցախ աշխարհի՝ Մեծ Հայքի պատմական 10-րդ նահանգի մի մասը, որտեղ շարունակելու է ապրել, արարել ու պայքարել արցախահայությունը՝ հանուն իր իրավունքների ու ազատությունների, հանուն ազգային արժանապատվության ու հարատեւման: Այս մասին իր ուղերձում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախեւառաջ, կուզեի իմ խորին ցավակցությունները հայտնել բոլոր զոհվածների հարազատներին եւ ողջ հայ ժողովրդին՝ անդառնալի ու ծանր կորուստների համար: Մենք ցմահ երախտապարտ ու պարտական ենք Հայրենիքի համար ընկած յուրաքանչյուր հերոսի եւ նրանց հարազատներին, մենք երախտապարտ ենք նաեւ Հայրենիքի պաշտպանության գործին այս կամ այն ձեւով սրտանց մասնակցած յուրաքանչյուր անձի՝ զինվորից մինչեւ սփյուռքահայ մանուկ, առաջնագծից մինչեւ խորը թիկունք: Ինչպես արդեն հայտարարվել է, Արցախի եւ Հայաստանի Հանրապետություններում դեկտեմբերի 19-ից հայտարարվելու է եռօրյա սուգ՝ ոգեկոչելու համար պատերազմի ընթացքում զոհված մեր հայրենակիցների հիշատակը:
Պետք է արձանագրել, որ չնայած առկա ծանր մարտահրավերներին՝ Արցախի Հանրապետության անկախությունն ու Սահմանադրությունը գործում են նույնությամբ, դեռ ավելին՝ մեզ պարտավորեցնում են առավել վճռականորեն շարունակել իրենց պատմական, արժեքային ու իրավաքաղաքական հիմքի՝ Արցախյան շարժման պայքարն ու ոգին: Հարկ է արձանագրել նաեւ, որ միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է զուտ հռչակագրային ցանկություն, որի ապահովման ուղղությամբ միջազգային հանրությունը հիմնականում չի կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ աչք փակելով հայության հանդեպ կատարված մարդկության դեմ հանցագործության աղաղակող փաստերի առջեւ:
Այս դժվարագույն իրավիճակում մենք պարտավոր ենք ուղիղ նայել իրականության աչքերին, արձանագրել առկա խնդիրները, դնել հստակ նպատակներ եւ քրտնաջան, հետեւողական, խելացի ու համատեղ աշխատանքով հասնել այդ նպատակներին: Թե ինչ ունենք եւ ինչ պետք է անենք, հակիրճ կներկայացնեմ ըստ ոլորտների:
Անվտանգություն. Անշուշտ, մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը պետության գլխավոր առաջնահերթությունն է, քանի որ առանց անվտանգ միջավայրի հնարավոր չէ մնացած ոլորտներում հաջողություններ ու զարգացում արձանագրել: Այդ համատեքստում լիովին հասկանալի է, որ նաեւ հետպատերազմյան ժամանակաշրջանում քաղաքացիներին ու իշխանություններին ամենաշատ հուզող հարցերը վերաբերում են անվտանգությանն ու առնչվող անորոշություններին:
Մի կողմից ունենք պատերազմի հետեւանքով շուրջ երկուսուկես անգամ երկարած շփման գիծ ադրբեջանական կողմի հետ, կոնկրետ հատվածներում անմիջական մոտեցում մեր որոշ բնակավայրերի եւ խիստ սահմանափակված՝ Մայր Հայաստանի հետ հաղորդակցության միջոցներ, մյուս կողմից ունենք սուղ մարդկային ու տեխնիկական միջոցներ եւ սահմանափակ ժամանակ նոր առաջնագիծն ամրացնելու համար, իսկ երրորդ կողմից ունենք ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությամբ եւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ներկայությամբ պայմանավորված անվտանգության երաշխիքները:
Այժմ Արցախի իշխանությունները կատարում են հնարավոր ամեն ինչ մեր լիազորությունների ու կարողությունների սահմաններում առկա անվտանգային մարտահրավերների չեզոքացման ու անորոշությունների հստակեցման ուղղությամբ, որոնց մի մասը կախված է նաեւ ամենաբարձր մակարդակի միջազգային բանակցությունների արդյունքներից:
Այնուամենայնիվ, անկախ առկա օբյեկտիվ դժվարություններից՝ մեկ բան ակնհայտ է մեզ համար, այն է՝ Պաշտպանության բանակը, ողջ հայության աջակցությամբ, շարունակելու է իր գործառույթներն ու ջանքերը Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք լրացվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի երաշխիքներով»:
Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաեւ առաջնագծում ու թիկունքում սեփական պարտականությունների կատարումից խուսափած անձանց վերաբերյալ հանրային տրամադրություններին. «Այո՛, հանրության մեջ առկա է իրավացի պարսավանք ու պահանջկոտություն նրանց հանդեպ, եւ՛ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, եւ՛ հանրային ծառայության ցածր օղակի, եւ՛ մասնավոր հատվածի տարբեր աշխատակիցներ այդ հիմքով հեռացվել են աշխատանքից: Այս մասին իր ուղերձում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր պագա անելիքներին:
Նա, մասնավորապես, նշել է. «Պատերազմի ընթացքում ես հրապարակել եմ աշխատանքից ազատված որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկը: Ավելին, առաջնագծի ու թիկունքի դասալիքները չպետք է հետագայում նույնպես որեւէ հնարավորություն ստանան բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու, քանի որ ժողովրդի համար ամենավճռական պահին իրենց պարտականությունների կատարումից խուսափած անձինք պարզապես չեն կարող բարեխղճորեն ծառայել նույն ժողովրդին:
Իսկ ինչ վերաբերում է ցածր օղակի աշխատակիցներին, ապա հաշվի առնելով դեպքերի բազմազանությունը, ծագած որոշ իրավական հիմնախնդիրներն ու առկա ծավալները՝ այդ հարցը պետք է առանձին ուսումնասիրության առարկա դառնա, որպեսզի արդար որոշումներ կայացվեն: Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ խրախուսանքի միջոցներ կիրառելիս գործատուները պետք է անպայման հաշվի առնեն տվյալ աշխատակցի վարքը պատերազմի ընթացքում՝ բացառելով անարդար որոշումները բարեխիղճ աշխատակիցների նկատմամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ
Հիմնախնդիրներն ու մարտահրավերները չափազանց շատ են այս ժամանակահատվածում՝ երբեմն անկառավարելի ու անորոշ մեզ համար: Սակայն մեր նախորդ ու գալիք սերունդների առաջ պարտավոր ենք ամուր կանգնել Հայրենիքի փրկության ու զարգացման դիրքերում: Մենք ազգովի վճռական ենք պատվով դուրս գալու այս ծանր իրավիճակից, ուղղելու մեր մեջքը եւ առաջ շարժվելու մեր պատմական երթում: Մենք պարզապես իրավունք չունենք ձախողվելու այս փուլում, ինչը կարող է նշանակել բոլոր փուլերի ձախողում: Սա մեր արդար պայքարն է՝ մեր նախնիների պայքարի բնական շարունակությունը, եւ մենք միանշանակ հաջողելու ենք:
Ամրություն, անվտանգություն ու հարատեւում Հայոց Սուրբ Հայրենիքին»:











