Ես թաքցնելու կամ վախենալու բան չունեմ, ես այնպիսի բան չեմ արել, որ նման զգացողություններ ունենամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կառավարության նիստի հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, այսօր Լուռու մարզպետ նշանակված Արամ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն չունի՞, որ մարզպետի պաշտոնում իր պաշտոնավարումը կարող է թիթեռի կյանք ունենալ, քանի որ ամեն պահի վարչապետը կարող է հրաժարական տալ:
«Էդ ով որ վախենալու բան ունի, թալանել է, պաշտոնի մոլուցք ունի, թողէդ մարդիկ անհանգստանան, ես անհանգստանալու բան չունեմ: Ես 10 տարի պայքարել եմ նախորդ իշխանության դեմ: Շատ դեպքերում իմ բարեկեցությունն ապահովելու հնարավորություն եմ ունեցել, բայց այդ ճանապարհը չեմ ընտրել»,-ասաց նա:
Ճշտող հարցին, ինչ է լինելու, երբ մեկ շաբաթ, կամ մեկ ամիս հետո վարչապետը հրաժարական տա, Արամ Խաչատրյանն արձագանքեց. «Պետք է ձեզ հիասթափեցնեմ, որ գոնե մի շաբաթ հետո, մի ամիս հետո վարչապետը հրաժարական չի տալու: Դա ոչ թե իմ կարծիքն է, այլ ժողովուրդը դա չի պահանջում: Մեզ հարյուրավոր, հազարավոր մարդիկ գրում են, ասում են, որ հանկարծ նման բան չանի վարչապետը: Անձնական նամակներով են գրում, կամ գալիս են տեսնում, կամ ինչ-որ մարդկանց միջոցով փոխանցում: Տարբեր ձեւեր կան»:











