Ցավոք, այս օրերին վարչապետի աթոռին սոսինձ քսած, հայրենիքը ծախած, հայրենիքին դավաճանած Փաշինյանը շարունակում է օր առաջ իշխանությունը ձգելու համար իր ստերը, հանցագործությունները, երկիրը պառակտելը, ժողովրդին մեկ մեկի դեմ հանելը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում ընթացող արժանապատիվ երթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Նա այս դավաճանության ընթացքում հասնելու է մի տեղ, որտեղ նույնիսկ իր կողքի մարդիկ, իր ընտանիքի անդամները գեթ մազաչափ չհարգեն, քանի որ Փաշինյանը դավաճան է։ Վստահաբար ձեզանից շատերն այս պահին ունեն ազգականներ Սյունիքում՝ Զանգեզուրում, Գորիսում, Կապանում, Մեղրիում։ Հենց այսօր Փաշինյանը գողանում է նրանց անվտանգությունը, գրկաբաց ընդունում է Կապանի, Գորիսի, Որոտանի մատույցներում։ Նա վաղը մինչեւ ժամը 17։00-ն հանձնելու է Սյունիքի բոլոր պոստերը։ Այնպես է ստացվելու, որ վաղը Կապանը կրակի տակ է լինելու։ Մի բան հասկացեք, սա քաղաքական կռիվ չէ»,- նշեց նա։
Մանուկյանի խոսքով՝ ռուս խաղաղապահների՝ շրջափակման մեջ լինելու մասին Փաշինյանի հայտարարությունն արվեց, որպեսզի իր՝ սխալ քաղաքականությունը թաքցնի. «Նա անքան է խճճվել իր ստերի մեջ, որ այլեւս իր ստերի պատճառով խայտառակ է լինում մի ողջ երկիր։ Երեկ որպեսզի արդարացնի մեր զինվորականների գերեվարումը՝ իր սխալ, ապաշնորհ քաղաքականության, երկիրը ճգնաժամի հասցնելու համար, նա սկսեց, թե ռուսներ կան գերեվարված։ Ապտակը, որը ստացավ կարճ ժամանակ հետո՝ Մոսկվայից էր։ Բոլորիս պարտքն է՝ թույլ չտալ մեկ վայրկյան ավելի տեւի այդ խայտառակությունը։ Նա պետք է հեռանա»։











