Իրավաբանական համայանքի ներկայացուցիչներն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, հավաքվել են Գլխավոր դատախազության առջեւ եւ ցանկանում են հանդիպել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ակնկալելով ստանալ իրավական գնահատական պատերազմի ընթացքում տեղի ունեցածին:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այսօր իրենք այցելել են նաեւ զինվորական դատախազություն, որտեղ իրենց ասվել է, որ զինդատախազը կարող է ընդունել 3 հոգու, ինչն իրավաբանական համայնքը չի ընդունել՝ նշելով, որ վերջինս պետք է ընդունի իրենց բոլորին՝ մոտ 30 մարդու:
«Մենք ասացինք, որ սա ինքնաբուխ հավաք է, որտեղ յուրաքանչյուրն ունի իր հարցերը եւ չեն կարող պատվիրակություն կազմել ու միայն նրանք մասնակցեն հանդիպմանը: Մենք այսօր տեսնում ենք, որ այսօր Սյունիքում տարածքներ, ճանապարհ ենք կորցնում: Դա նաեւ նրա հետեւանքն է, որ մեր իրավապահ մարմիններն անգործություն են ցուցաբերում: Բացի անիշխանությունից, մեր իրավապահները, որոնք քաղաքական ուժի ներկայացուցիչ չպետք է լինեին, իրենց դրսեւորում են իբրեւ քաղաքական ուժի ներկայացուցիչներ: Մենք նաեւ սրա վերաբերյալ հարցեր ունենք»,-ասաց նա:
Ռուբեն Մելիքյանը հավելեց, որ տպավորություն է, որ ամենակարեւոր քրեական հետապնդումը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա իրադարձություններն են, որոնք, այո, ունեցել են ցավալի դրսեւորումներ. «Բայց եկեք համեմատենք այդ դրսեւորումները եւ այն դրսեւորումները, որի հետեւանք էին այդ դեպքերը: Ինչու մարդիկ ցասում արտահայտեցին, որովհետեւ 44 օր ասում էին՝ հաղթելու ենք, մեկ էլ մարդն ասում է՝ պարտվել ենք, ջախջախվել ենք, մեզնից բան չի մնացել, Արցախը զիջում ենք՝ մնացածն էլ հետը»,-ասաց նա:
Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարում էր, թե Թուրքիան պատերազմի մեջ չի մտնի. «Մենք գիտենք, որ Թուրքիան լրջագույն աջակցություն էր ցույց տալիս: Ադրբեջանը լրջագույն գումարներ էր ներդնում պատերազմի մեջ: Մեր դեմ կիրառվում էին զինատեսակներ, որոնք առանձնապես չէին օգտագործվել: Ի՞նչ ֆիդայական ջոկատներով կռվելու մասին է խոսքը, լավ է «Մոսին» հրացաններ չէին բաժանում, որ գնան ԱԹՍ-ների դեմ կանգնեն»:
Փաստաբան Տիգրան Սարգսյանը, ով նախկինում երկար տարիներ աշխատել է դատախազությունում եւ ունի գեներալ-մայորի կոչում, նկատեց. «Արցախյան առաջին պատերազմը մենք սկսեցինք ջոկատներով եւ ավարտեցինք բանակով ու հաղթեցինք: Մենք հիմա 2020-ին պատերազմը սկսեցինք բանակով, ավարտեցինք ջոկատներով: Սա խելագար մտքի արգաասիք է»:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իջավ ներքեւ եւ տեղեկացրեց, որ հարգելի պատճառներով գլխավոր դատախազը տեղում չի եւ չի կարող ընդունել իրավաբաններին:
Գոռ Աբրահամյանն ասաց, որ զինդատախազը միշտ պատրաստ է ընդունել իրավաբաններին փոքր խմբով եւ լիարժեք պատասխաններ տալ նրանց հարցերին. «Եթե ասում եք, որ յուրաքանչյուրդ հարցեր ունեք, կարող եք դրանք խմբավորել, գրավոր ներկայացնել, բանավոր ներկայացնել: Այդտեղ որեւէ խնդիր չկա»: Նա հավելեց, որ չի եղել որեւէ հրապարակում, որը հանցակազմի առումով որոշակիություն է պարունակել եւ դրանցով որոշակի ընթացակարգ չի ապահովվել: Այդ թվում քրեական գործ է հարուցված այն հյտարարությունների առնչությամբ, ըստ որի 1400 ՀՀ անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների:
«Անձնագրերի վերաբերյալ պարզաբանում եղել է, նույնիսկ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնանարական էր տրվել ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին, տվյալ հայտարարությունն անող անձին (խոսքը Գառնիկ Իսագուլյանի մասին է-խմբ) էին խնդրել, որ գա քննության շրջանակներում իրեն հայտնի տեղեկությունները ներկայացնի, որից ինքը հրաժարվել է: Այտ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում չեն ստացվել տվյալներ, որոնք կհաստատեին կամ կվկայեին ներկայացված հանգամանքների իսկության մասին»:











