Սա մեծ դավաճանություն է, ուրիշ ոչ մի ձեւ չի կարելի ընկալել սա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում ընթացող արժանապատիվ երթի ժամանակ հայտարարեց լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը։
Փաշինյանի այն խոսքին, որ եթե չստորագրեր այդ համաձայնագիրն, ապա 25 հազար զինվոր կմնար շրջափակման մեջ՝ Մինասյանն ասաց. «Փաշինյանը ստում է, ինքը մարտադաշտում չի եղել»։
Անդրադառնալով Սյունիքի մարզի կարեւոր դիրքեր թշնամուն հանձնելուն՝ Մինասյանն ասաց. «1991 թվականի ապրիլին Կապանի օդանավակայանի դիմաց գտնվող գյուղերի համար մարտերին եմ մասնակցել, որտեղից մաքրել ենք ազերիներին։ Չգիտեմ՝ Փաշինյանն ինչ փաստաթղթի տակ ստորագրել, որ ուզում են այդ նույն տարածքը նորից հետ հանձնել։ Սյունիքին սպասվում է նույն բանը, ինչը ունեցել ենք 90-ականներին։ Այսինքն՝ թշնամուն գալիս է՝ նորից չոքի մեր բգին»։
Աշոտ Մինասյանի խոսքով՝ պետք է ազգովի ոտքի կանգնել՝ առաջին հեռացնել Նիկոլ Փաշինյանին, այնուհետեւ ձեւավորել ճիշտ պաշտպանություն. «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա եւ ենթարկի ժողովրդական դատաստանի։ Քանի որ նա անմեղսունակ է, համապատասխան մարմինները պետք է զբաղվեն նրանով»։
Անդրադառնալով իր նկատմամբ տեղի ունեցող քրեական հետապնդմանը՝ նա նշեց. «Դա իշխանության հերթական մուտիլովկան է»։
Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այդ հանրավաքին մասնակցում է էլիտան՝ Աշոտ Մինասյանը դժվարացավ մեկնաբանել. «Դժվար է մեկնաբանել Նիկոլի մտքերը, որովհետեւ ինքը երբեք ադեկվատ վիճակում չի լինում։ Երեւի հերթական դեղորայքային չափաբաժինն ուշացել է, դրա համար ինչ ասես՝ կարող է ասել։ Չեմ վախենում նշել, որ ձգտում եմ իշխանության։ Ձգտում եմ իշխանության, որ կարողանամ երկիրն այս վիճակից հանել»։
Նշենք, որ քաղաքացիները Երեւանում «արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթը մեկնարկել է Հալաբյան փողոցից Թումոյի այգու մոտից:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ հեռացիր»։ Նշենք, որ չնայած Երեւանում տեղացող անձրեւին՝ մեծ թվով մարդիկ են մասնակցում երթին։











