Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, որպեսզի հանձնի հայոց պետականությունը թուրք-արդբեջանական խուժանին, վարձկաններին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, «Առանց Նիկոլ Հայաստան» երթի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը տվեց ոչ միայն Արցախը, ոչ միայն զիջեց մեր հայրենիք հողերը, ոչ միայն զոհաբերեց 5 հազարից ավելի հայորդիներին, տասնյակ հազարից ավելի հաշմանդամներ տվեց, հարյուր հազարավոր հայրենիքը կորցրած ընտանիքներ ունեցանք, այսօր արդեն նաեւ Սյունիքի սահմանային դիրքերն է հանձնում։ Նա իրավունք չունի որպես Հայաստանի ղեկավար հանդես գալու, նա հողատու է, նա դավաճան է։ Նա պետք է միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանություններին։ Մինչեւ Նոր տարի Նիկոլ Փաշինյանը պետք է դուրս շպրտվի Հայաստանի վարչապետի պաշտոնից։ Նա իրավունք չունի Նոր տարին դիմավորելու եւ դիմելու մեր ժողովրդին։ Նա իրավունք չունի մեր ապագա, մեր ներկա ու անցյալ սերունդների երազանքը դավաճանելով փորձի հաջորդ տարին մուտք գործել»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ քաղաքացիները Երեւանում «արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթը մեկնարկել է Հալաբյան փողոցից Թումոյի այգու մոտից:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ հեռացիր»։ Նշենք, որ չնայած Երեւանում տեղացող անձրեւին՝ մեծ թվով մարդիկ են մասնակցում երթին։