Մենք սկսելու ենք անժամկետ նստացույց Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով հարցաքննել եւ կալանավորել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, «Առանց Նիկոլ Հայաստան» երթի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի նախագահ Արթուր Ղազինյանը։
«ՀՀ մեր արժանապատիվ քաղաքացիներ, հիշում եք չէ՞, որ Նիկոլը դատվելու է, հիշում եք չէ՞, որ Նիկոլը մենակ չի, ուրեմն մենք գործ ունենք ոչ թե մեկ մարդու պետական դավաճանության, այլ կազմակերպված հանցավոր խմբի կողմից պետությունը թուլացնելու նպատակով իրականացված համալիր գործողությունների հետ, որոնց արդյունքում տեղի է ունեցել հայկական բանակի կազմաքանդում, Արցախյան պատերազմի մեզ համար ցավոտ ելք»,- նշեց Ղազինյանը։
Արթուր Ղազինյանը հրապարակեց իրենց կողմից երեկ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակը. «Մենք երեկ երթով շարժվեցինք Դատախազության շենքի մոտ եւ փոխանցեցինք դիմում՝ ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ հստակ ձեւակերպեցինք հարցերը։ Մասնավորապես, ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում արդյոք հարցաքննվե՞լ է Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ, ինչպիսի՞ դատավարական կարգավիճակ ունի Նիկոլ Փաշինյանն այս քրեական գործում, իսկ եթե չի հարցաքննվել, ապա ինչո՞ւ. քանի որ քրեական գործը հարուցված է նոյեմբերի 21-ից մինչեւ այժմ գոնե մեզ հայտնի չէ որեւէ քննչական գործողություն՝ իրենց կողմից հարուցված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ իրականում պատմական պետական դավաճանություն անելու համար։ Հարց տվեցինք՝ արդյոք առգրավվե՞լ է Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության լիազորությունների յուրացման միջոցով ԳՇ-ին տված՝ պատերազմի 3-րդ օրը ՀՀ զինված ուժերի համալրումը դադարեցնելու մասին հրամանի ձայնագրությունը, թե՞ ոչ։ Մյուս հարցը՝ արդյոք առգրավվե՞լ է ՀՀ ՊՆ 0038 հույժ գաղտնի հրամանը, թե՞ ոչ։ Չորրորդ հարցը՝ այս քրեական գործի շրջանակներում հարցաքննվե՞լ է ՀՀ ԳՇ պետը»։
Ղազինյանը հայտնեց, որ իրենք այսօր ստացել են պատասխան ՀՀ գլխավոր դատախազից. «Մեր կողմից բարձրացված հարցերը այս պահին ելնելով գործի շահերից՝ հրապարակման ենթակա չեն։ Սակայն միեւնույն ժամանակ հայտնում են, որ արդեն իսկ ձեռնարկվել են ինչպես նաեւ ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քրեական գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննության բոլոր հանգամանքները, այդ թվում՝ մեր կողմից իրեն երեկ հանձնված հանգամանքները բացահայտելու նպատակով։ Հաշվի առնելով այս քրեական գործի նկատմամբ հանրային հետաքրքրվածությունը եւ ուշադրությունը՝ խոստանում են առավելագույնս հրապարակային ձեւով ներկայացնել այս քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր տվյալները»։
Ղազինյանը ՀՀ գլխավոր դատախազին մինչեւ երկուշաբթի օրը ժամը՝ 14։00-ն ժամանակ տվեց՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության հրավիրելու համար. «Մենք այստեղ միասին որոշում ենք՝ Դատախազությանը խելամիտ ժամկետ ենք տալիս մինչեւ երկուշաբթի օրը ժամը 14։00-ն իրականացնել հետեւյալ քննչական գործողությունները՝ հարցաքննության հրավիրել Նիկոլ Փաշինյանին, նրան տալ կասկածյալի կարգավիճակ, անհապաղ ձերբակալել Փաշինյանին պետական դավաճանության մեղադրանքով, այնուհետեւ կասեցնել նրա լիազորությունները ՀՀ վարչապետի պաշտոնում։ Հաջորդ քայլը Նիկոլ Փաշինյանին Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով պետական դավաճանի մեղադրանի առաջադրում եւ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահանջ»։
Ղազինյանի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր եզակի շանս ունի՝ մտնել Հայաստանի պատմության մեջ որպես Հայաստանի իրավական կարգը վերականգնող եւ պետական դավաճանին ձերբակալող անձ։











