Ես կոչ եմ արել բոլոր պահեստազորայիններին, շարքայիններին՝ համազգեստով ներկա լինել այստեղ, աջակից ու պաշտպան լինել մեր սգավոր մայրերի, քույրերի որոշմանը, որ որեւէ կերպ այդ դավաճանի ոտքը մեր սրբատեղի չմտնի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության պետի նախկին տեղակալ Գագիկ Համբարձումյանը:
«Կանգնելու ենք, թույլ չենք տալու անցնել: Եթե համարձակությունները կհերքեն, թող փորձեն ուժ կամ բռնություն գործադրել, կստանան համարժեք պատասխան»,- նշեց Գագիկ Համբարձումյանը։
Ըստ Գագիկ Համբարձումյանի՝ Նիկոլ Փաշինյանի համար ավելի լավ է քրեական պատասխանատվության ենթարկվել, քան արժանանալ ժողովրդի դատաստանին։
«Նրան գնահատական տալու համար իրավաբան լինել պետք չէ։ Ի՞նչ է նշանակում պատասխանատուն ես եմ, սակայն մեղավորը ես չեմ։ Դա իրեն բնորոշ բացառիկ ցինիզմով «կռուտիտ» լինել է։ Եթե պետական մի հիմնարկի որևէ աշխատակից թերանում է, նա պատասխանատու է և պատասխան է տալիս նկատողությամբ կամ աշխատանքից ազատվելով։ Բա ի՞նչ ասենք պետության ղեկավարի համար։ Նա հեռացվելու է իր պաշտոնից, այնուհետև, ինչպես բոլոր օրինական իրավական, պետություններում, քրեական օրենսգրքով նախապատեսված հստակ ընթացակարգ կա՝ ձերբակալում, քրեական գործի հարուցում, քննություն և վերջում դատարան ու պատիժ։ Եվ կարծում եմ, որ օրենքին ենթարկվելը լավագույնն է իր համար, քան ժողովրդի դատաստանին։ Մաքսիմալ՝ առաստաղին հասնող պատժաչափը երաշխավորված է իր և իր հանցավոր շրջապատի համար»,- ասաց Գագիկ Համբարձումյանը։
Նշենք, որ Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Այսօր ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հանրապետության հրապարակից «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որին կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: «Եռաբլուրում» են հավաքվել բազմաթիվ ազատամարտիկներ եւ նշում են, որ թույլ չեն տալու, որ «դավաճանը մուտք գործի «Եռաբլուր»:











