Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով ամեն հնարավոր վարչական ռեսուրս, շանտաժի ենթարկելով մարդկանց, փորձում է մարդկանց բերել երթի մասնակցության։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

«Իշխանությունը օգտագործում է վարչական ռեսուրս, շանտաժով փորձում է մարդկանց բերել իրենց երթին մասնակցության: Պատերազմից օրեր անց, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձեցին քաղաքացիական բախումներ հրահրել և այսօր նորից փորձում են նման քայլի գնալ, փորձում են Մեդիատեռոր բառն օգտագործեցին. այսօր համար մեկ տեռորիստը Նիկոլ Փաշինյանն է: Մեդիատեռորիստը Հայաստանում, մեդիաշանտաժիստը, ընդհանրապես՝ շանտաժիստը Նիկոլ Փաշինյանն է, ու  քանի դեռ այդ մարդը իշխանության է, զբաղեցնում է այդ վարչապետի աթոռը, Հայաստանի ազատ անկումը միայն ու միայն շարունակվելու»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։

 Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի այցը Եռաբլուր սադրանք և նա փորձում է քաղաքական կապիտալ հավաքել այն մարդկանց վշտերի հաշվին, որոնց հարազատների մահվան համար մեղավոր է հենց ինքը։

«Կորուստների,  զոհերի, խեղված ճակատագրերի մեղավորը լկտիաբար փորձում է քաղաքական կապիտալ հավաքել, իր անձնական իշխանության համար՝ շահագործել մարդկանց վիշտը, այն մարդկանց, որոնց հարազատների մահվան համար մեկ մեղավորն ինքն է։ Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի բերի բախումների։ Նիկոլ Փաշինյանի այցը Եռաբլուր սադրանք է։ Իրենք այդպես էլ չդարձան իշխանություն, իրենք մնացին ընդդիմություն հին իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրեն պահել՝ որպես ռադիկալ ընդդիմադիր, ու ինչ է անում՝ խփում է պետականությանը, խփում է հասարակությանը, քանդում է բոլոր քաղաքական, պետական, հանրային ինստիտուտները և փորձում է դրա հաշվին դեռ այդ աթոռին կառչած մնալ»,- նշեց Վրթանեսյանը

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ սահմանային ճշգրտումներով կանխվում է հնարավոր ռազմական էսկալացիան Սյունքի ուղղությամբ, Վրթանեսյանը նկատեց, որ կարող է նաև պնդել, որ հանձնում է Երևանը, ինչ-որ այլ ռազմական էսկալացիա կանխելու նպատակով։

 «Նույն հաջողությամբ կարող է պնդել, որ Երևանը հանձնում է, որպեսզի կանխի ինչ-որ հնարավոր ռազմական էսկալացիա: Ադրբեջանի ախորժակն անսահման է: Միֆ ստեղծեցին, թե դադարեցրին պատերազմը, բայց դրանից հետո էլ մենք ունենք զոհեր, 70-ից ավել մարդ, որոնց ճակատագիրն այժմ անհայտ է։ Պատերազմը չի կանգնել, կապիտուլյացիան շարունկավում է, շարունակվում է անգամ իր դիրքի դասալքությունը։ Երեկ, երբ Հայաստանը պետք է ներկա լիներ ԱՊՀ երկրների խորհրդի նիստին, Նիկոլ Փաշինյանը չկար, իսկ Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին ինչ ուզում ասում էր։ Շատ լավ հասականլով, որ միջազգային ասպարազում ինքն արդեն զրո է, որ իրեն ոչ մեկը որպես հավասարի չեն վերաբերում։ Մենք նորանկախ պետությունն ենք, ինչպես և Ադրբեջանը և մեր սահմաննները Ադրբեջանի և բոլոր հարևանների հետ, պետք է ամրագրենք պայմանագրերով ոչ թե ԽՍՀՄ քարտեզներով։ Այսօր պատերազմի ավարտի 40-րդ օրն է, բայց մենք չգիտենք մեր զոհվածների անունները, չգիտենք անհետ կորածների և գերիների թիվը։ Նման պատկեր, երբ պետական մակարդակով թաքցնում էին կորուստները, այսօր, ցավոք, Հայաստանի իշխանությունները մոտեցել են Ադրբեջանի խայտառակ դիկտատուրական գործելաոճին»,- ավելացրեց Կարեն Վրթանեսյանը։

 Նշենք, որ Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Այսօր ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հանրապետության հրապարակից «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որին կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: «Եռաբլուրում» են հավաքվել բազմաթիվ ազատամարտիկներ եւ նշում են, որ թույլ չեն տալու, որ «դավաճանը մուտք գործի «Եռաբլուր»: