Եթե ես հանկարծ էսօր Նիկոլին չտեսա, Մոնթե Մելքոնյանի գերեզմանի մոտ իրան ասում եմ՝ թող գա, ես գերեզմանում էլ լինեմ, ինքը իրավունք չունի մտնի այնտեղ: Այս մասին հայտարարեց Երեւան–Գորիս ճանապարհը փակելու փորձ անող գորիսեցիներից մեկը: Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, Սյունիքի բազմաթիվ բնակիչներ մեքենաներով շաժվել են դեպի Զանգեր կոչվող տարածք, որպեսզի փակեն Սյունիքի դարպասներն ու արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք: Ոստիկանները, սակայն, Շինուհայրի խաչմերուկում փակել են ճանապարհն ու թույլ չեն տվել նրանց առաջանալ:

«Թող իմ հարցերին պատասխանի, թե ինչու այդ 15 կետերում կետ չկա, որ բանակը զարգանալու է, եւ եթե բանակը չի զարգանալու, ինքը թող հեռանա: Պատերազմը պարտված ցանկացած ղեկավար պետք է հեռանա՝ անկախ նրանից ինքը լավ մտադրություններ ուներ, թե վատ, ինքը դավաճան էր, թե հերոս է: Ինքը պետք է հեռանա ու վերջ, պետք է թողնի նոր մարդիկ մեզ ղեկավարեն, ոչ էլ նախկիններն են մեզ պետք, մեզ պետք է մեկը, ով գալու է ու էս երկիրը հզոր երկիր սարքի: Մենք գնում ենք ասենք՝ Նիկոլ ստեղ իրավունք չունես մտնես: Ամբողջ Հայաստանում մի միտք կա՝ բա ո՞վ գա երկրի ղեկավար: Մենք կգանք, ի՞նչ է եղել: Կարեւորը սիրես էս երկիրը»,-  ասաց նա:

Մեկ ուրիշ գորիսեցի էլ նկատեց, որ իշխանությունների այս անգործությունը նորից տանելու է նրան, որ պատերազմ սկսվի: Նա դիմելով ոստիկաններին՝ ասաց. «Մենք մեր հույսը Երեւանի վրա չենք էլ դնում: Մենք որոշել  էինք Սյունիքի դարպասները փակել, որովհետեւ եթե մեր հարցը չի լուծվում, մենք մեր հարցը կլուծենք: Մենք մեր հարցը լուծում ենք, որ թուրքը չհասնի Երեւան: Դուք բոլորդ պետք է միանաք մեզ, էս հարցը լուծենք, պրծնենք»: