ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները եւ մի շարք փաստաբաններ գտնվում են ՔԿ Երեւանի կենտրոնական մասնաշենքում՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին տեսակցելու։
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Առուշանյանին ձերբակալել են ապօրինի հավաքներ կազմակերպելու հոդվածով։
«Ես ծանոթ եմ Նիկոլ Փաշինյանի բոլոր վախերին, բայց այսպես առեւանգել քաղաքապետին, բերել-հասցնել Երեւան՝ ապօրինի հավաքներ կազմակերպելու հոդվածով, ընդ որում՝ վերջին ամիսներին ընդդիմադիր որեւէ գործիչ չկա, որ նշված հոդվածներով բերման ենթարկված չլինի, բայց որեւէ մեկի նկատմամբ կալանքի սանկցիա չի կիրառվել»,- ասաց Զոհրաբյանը եւ հույս հայտնեց, որ Գորիսի քաղաքապետին չեն կալանավորի։
«Այստեղ էլ ես տեսա իսկապես պարկեշտ մարդկանց, որոնք հասկանում են, որ քաղաքապետը փորձում էր Նիկոլ Փաշինյան-Ալիեւ-Էրդողան եռյակի ձեռքից փրկել մեծ թուրանի իրականացման ծրագրի այն հատվածը, որը պետք է անցներ Սյունիքով։ Այսինքն՝ քաղաքապետը՝ զինվոր քաղաքապետը, հրամանատար քաղաքապետը կատարել է իր պարտքը՝ հայրենիքի առջեւ։ Նիկոլ Փաշինյանը, նիկոլիզմը գալու եւ գնալու են, ահա այսպիսի տղաները մնալու են»,- նշեց Զոհրաբյանը։
Անդրադառնալով Փաշինյանի՝ Սիսիան կատարած այցին, Զոհրաբյանն ասաց. «Եթե Փաշինյանը նվազագույն շանս ունենար անգամ բռնություն գործադրելու, ճեղքելու Գորիս-Կապան ճանապարհները եւ մտնելու, իմացեք, որ նա կմտներ։ Սիսիանում կազմակերպված այդ փոքր շոուն կազմակերպված է եղել իմքայլական պատգամավոր Կարեն Համբարձումյանի կողմից, իր մերձավորների, ընկերների, ընտանիքի կողմից։ Կարեն Համբարձումյան, հիշի, շատ շուտով դու կանգնելու ես ոչ միայն սյունեցիների բարոյական դատաստանի առջեւ, այլեւ օրենքի առջեւ, որովհետեւ դու փորձում ես խանգարել հպարտ, արժանապատիվ, թասիբով սյունեցիներին՝ իրենց հայրենիքը թուրքի GPS-ով ամենակարեւոր դիրքերը չհանձնել։ Կարեն Համբարձումյան, դա պետական դավաճանություն է։ Ես ամեն ինչ անելու եմ, որ դու եւ փոքրաթիվ համակիրները, որոնց հիմա ուղղորդել ես, որ գնան եւ հաշվեհարդար տեսնեն այն արժանապատիվ հոգեւոր հորից, ով ձեռք չմեկնեց Նիկոլ Փաշինյանին եւ ասաց՝ դուրս եկեք Աստծո տաճարից, բարոյական պատասխանատվություն եւ օրենքի առաջ պատասխանատվություն կրեք»։
Փաշինյանի այն դիտարկմանը՝ Գորիսի ճանապարհը փակել են, որ իր աջակիցները Մեղրիում, Կապանում եւ Գորիսում ակնհայտ չդառնան, պատգմավորն արձագանքեց. «Դա Նիկոլ Փաշինյանի անձնական կարծիքն է։ Նիկոլ Փաշինյանն այսօր երիցս չի տիրապետում իրավիճակին։ Նա իր համար ստեղծել է մի վիրտուալ իրականություն, իր լաքեյներն իրեն ներկայացնում են վիրտուալ մի իրականություն, որտեղ ինքը փրկիչ է։ Հիմնականում աղադավորներին ներգրավվելով՝ փորձում է փոքրաթիվ այդ մասսայով պահել իշխանության իմիտացիան»։
Անդրադառնալով Փաշինյանի՝ սգո երթին Եռաբլուր բարձրանալուն՝ Զոհրաբյանը պատմեց, որ շատ քաղաքացիների ստիպելով են տարել այդ երթին։











