Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շուրջբոլորը հավաքված քաղաքացիները պատրաստվում են թույլ չտալ գործադիրի անդամներին դուրս գալ շենքից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ Հայաստանում վարվում է ապազգային եւ կործանարար քաղաքականություն։ Ցավոք, կանխատեսումներն ամենավատ ձեւով իրականություն դարձան։ Մենք չէինք կարող պատկերացնել, որ Հայաստանում ապազգային քաղաքականության հետեւանքով հայրենիքի կորուստ կունենանք եւ այդ մադիկ, որոնք մեղավոր են դրանում՝ կհավակնեն ավելի շատ զիջել, ավելի շատ վնասել մեր հայրենիքը, ու կհավակնեն մնալ իրենց պաշտոններում։ Մենք այսպիսի սցնենար չէինք կանխատեսել, բայց դա արգելք չի կարող հանդիսանալ, որ չշարունակենք պայքարը»,- նշեց նա։
Անդրադառնալով իշխանական պատգամավորների հայտարարություններին, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները որտե՞ղ էին, երբ պատերազմ էր ընթանում, Քրիստինե Վարդանյանն ասաց, որ այս օրերին ամենաբարկացնողը այդ պարգեւավճար ստացողներն են, որոնք երկուսուկես տարվա ընթացքում որեւէ խնդիր չկարողացան լուծել եւ հիմա էլ տարատեսակ հայտարարություններ են անում։
«Չգիտեմ, թե դուք որտեղ եք եղել։ Հայ ժողովուրդը ձեզ չտեսավ պատերազմի ընթացքում։ Դուք չկարողացաք ժողովրդի հոգսերը թեթեւացնել, մի քանի մարդու կյանք չկարողացաք փրկել, որեւէ ձեւ չկանխեցիք հայրենիքի կորուստը։ Ու հիմա եկել, մեղադրում եք այն մարդկանց, որոնք մի քանի օր առաջ են վերադարձել դիրքերից, մեղադրում եք այն մարդկանց, որոնք այս ընթացքում չեն քնել, իրենց ունեցածն ու չունեցածը տվել են, որպեսզի առաջնագծում մարդիկ ունենան անհրաժեշտ իրերը, մինչդեռ էդ հարեցրը դուք պիտի լուծեիք»,- դիմելով իշխանության ներկայացուցիչներին ասաց Քրիստինե Վարդանյանը։











