Տեղյակ եք, որ Սյուննիքի մարզում տեղի են ունենում սահմանների տեղորոշման աշխատանքներ. Այդ տեղորոշումը ունի որոշակի նրբություններ ու բարդություններ, բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա ու այն անհրաժեշտ է Սյունիքի ու Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ այս գործունեության հետ կապված կարող են լինել ամենատարբեր մեկնաբանություններ:
«Մենք ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները ու Հայաստանի անվտանգության երաշխիքները եւ Սյունիքի ու Հայաստանի անվտանգության նոր համակարգ ենք ձեւավորում: Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր, մեկը Որոտանի մասին է, երկրորդը՝ Շուռնուխի, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում»,-ասաց վարչապետը:
Փաշինյանն ասաց, որ այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել: Նա հավաստիացրեց, որ կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա ու մեր քաղաքացիների շահերը լիաժեք պաշտպանված կլինեն:
«Միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել ու չի կարող լինել, բայց սա չի նշանակում, որ այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա ու սահմանների դելիմիտացիա: Տեղի է ունենում սահմանային կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է»:
Փաշինյանը նշեց, որ այսօր քննարկում է ունեցել ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել կոնկրետ հանձնարարականներ, թե ինչպես հնարավորինս սահուն ընթանա պրոցեսը: Փաշինյանը նշեց, թե քաղաքացիների հնարավոր գույքային վնասները կառավարությունն ամբողջությամբ կփոխհատուցի:
Փաշինյանը նկատեց, որ մեկ դեպքի հետ կապված կարող են լինել հազարավոր հրապարակումներ, 4 դեպքի հետ կապված՝ 4 հազար պրապարակում, բայց դա չի նշանակում, որ գործ ունենք 4 հազար դեպքերի հետ. «Մեզ մոտ եղել է խորհրդակցություն դեռ 10 օր առաջ եւ եղել է հանձնարարական, որ նախնական կոմունիկացիա արվի այդ հատվածների բնակիչների հետ, նրանց մանրամասն տեղեկատվություն տրվի, թե ինչ պրոցես է տեղի ունենում, եւ որ ամենակարեւորն է՝ քաղաքացիների հնարավոր գույքային վնասները կառավարությունը ամբողջությամբ եւ լիարժեք կփոխհատուցի»,-ասաց նա:











