Եթե մենք Կառավարություն ունենք, ուզում ենք հասկանալ՝ ի՞նչ են անում գերիների, անհետ կորածների եւ ԴՆԹ ապարատի խնդրի համար։ Եթե ոչինչ չեն կարողանում անել, թող գնան, գա մի մարդ, ով կկաղողանա էդ հարցերը լուծել, իսկ եթե կարողանում են, թող գան ժամկետներ նշեն, թե ոնց են իմ թվարկած հարցերը լուծելու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Նարեմանյանը, ով անհնազանդության ակցիայի շրջանակներում փակել է Բաղրամյան պողոտայի սկզբնամասը։
«Գերիների խմբաքանակը, որ եկավ, մեր Կառավարությունն ու վարչապետը դրա հետ կապ չունեին։ Հիմա Աստված առաջ, կարող է երկրորդ խմբաքանակը գա, էլի Կառավարությունը դրա հետ կապ չի ունենալու։ Էդ ամեն ինչը արվում է կամ Ռուսաստանի նախագահի, կամ ռուս խաղաղապահների կողմից կամ էլ հայազգի անհատական ներկայացուցիչների կողմից», նշեց քաղաքացին։
Ակցիայի մասնակիցը հայտարարեց, որ իրենց ակցիան քաղաքական ուժերի հետ կապ չունի, իրենք ոչ մի քաղաքական ուժի չեն սատարում, եւ իրենց նպատակն է՝ գտնել մի մարդու, ով իրենց հարցերը կլուծի։
Նշենք, որ անհնազանդության ակցիաների շրջանակում, քիչ առաջ Երեւանի կենտրոնական փողոցներ են փակվել։











