Սյունիքի մարզի Կապան-Ագարակ ճանապարհն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողությանը, ինչի հետեւանքով Հայաստանի քաղաքացիները դադարել են օգտվել այդ մայրուղով: Այս մասին դեկտեմբերի 25-ին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը:
Նա նաեւ պարզաբանեց, թե որ ճանապարհներն են դեռեւս մնում հայկական կողմի վերահսկողության տակ:
«Մենք ունենք երեք խնդրահարույց ճանապարհ՝ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն եւ Կապան-Ագարակ: Կապան-Գորիս ճանապարհը գործում է, Կապան-Ճակատենը գործում է, սակայն մենք ստիպված ենք չօգտագործել ճանապարհի Կապանից Ագարակ գյուղ տանող հատվածը, քանի որ այն ամբողջությամբ հակառակորդի վերահսկողության տակ է»,- ասաց Փարսյանը:
Համայնքի ղեկավարը նշեց, որ իրենք, այնուամենայնիվ, ունեն այլընտրանքային ճանապարհ, սակայն այն պետք է ամբողջությամբ վերանորոգել, քանի որ անմխիթար վիճակում է եւ նախկինից մի քանի անգամ երկար է:
«Ագարակ, Եղվարդ եւ Ուջանիս գյուղերի բնակիչները, ինչ-որ չափով արգելափակված վիճակում են հայտնվել»,- հայտնեց համայնքի ղեկավարը:











