2,5 տարվա ընթացքում տեղի էր ունենում համակարգված, հակաքրիստոնեական, հակաազգային, հակապետական քարոզ եւ հստակ գործողություններ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում, եկեղեցու բակում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, նոր երեւույթ չի, եկեք վերհիշենք 2,5 տարվա ընթացքում ինչ էր կատարվել եւ կատարվում։ Ըստ էության, տեղի էր ունենում համակարգված հակաքրիստոնեական, ապազգային, հակապետական քարոզ եւ հստակ գործողություններ։ Իշխանությունները որոշել էին ժամանակին Հայոց եկեղեցու պատմությունը հանել դպրոցական ծրագրերից, արդարանում էին, բայց դրա հետ մեկտեղ ոչ մի ռեալ եւ խելքին մոտիկ արդարացում եւ բացատրություն չկար։ Այո, սա համակարգված է, եթե ուզում ես տիրել մի ժողովրդի, իրենք այլ գաղափարի մեջ են դա անում, պետք է պառակտել, ատելություն մտցնել, այդ ատելության քարոզը տանել, պետք է հակաեկեղեցական քարոզը տանել, պետք է արժեզրկել ազգը։ Սա նոր երեւույթ չի, եւ այդ երեւույթի ներքո այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, կրկին վերահաստատում է, որ պառակտելու, եկեղեցին վարկաբեկելու քաղաքականությունը մինչեւ այսօր շարունակվում»,- նշեց պատգամավորը։
Արման Աբովյանն ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից ուղիղ ցուցում ունեն՝ ոչ մի դեպքում թույլ չտալ, որ բախումներ լինեն, մարդիկ իրար դեմ դուրս գան. «Պարոն Ծառուկյանի կողմից ունենք ուղղակի ուղիղ ցուցում՝ ոչ մի դեպքում թույլ չտալ, որ հանկարծ ինչ-որ բախումներ լինեն, որ հանկարծ իրականանա այն, ինչն իրենք փորձում են անել, մարդկանց մարդկանց դեմ հանելու պատրվակով»։
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե կաթողիկոսները չպետք է մտնեին քաղաքականության մեջ եւ պահանջեին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Աբովյանն արձագանքեց. «Հրաժարականը քաղաքական պրոցես չէ, ապաքաղաքական պրոցես է, հասարակությունն է պահանջում: Եկեղեցին, լինելով ազգի ողնաշարը, արտահայտեց այն, ինչ պահանջում էր հասարակությունը, ժողովուրդը»։
Անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից ՀՀ ԱԽ քարտուղարին դեռեւս սեպտեմբերի 1-ի գրության վերաբերյալ բացահայտմանը, Արման Աբովյանն ասաց. «Ծանոթ եմ այդ փաստաթղթերին։ Բազմաթիվ հարցեր կան եւ շատ կոշտ հարցեր են, որոնք վերաբերում են նախապատերազմյան իրավիճակին, պատերազմի ժամանա տիրող իրավիճակին, եւ այն իրավիճակին, որը ստեղծվեց պատերազմից հետո»։











