Ազգային ժողովի մոտ այսօր տեղի ունեցած իրադարձությունները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը խայտառակություն է որակում եւ ԱԺ ամբիոնից հայտարարում, որ այն հրճվելու առիթ է տվել որոշ ընդդիմադիրների եւ սադրիչների։
«Այն՝ ինչ այսօր տեղի ունեցավ Սիսակ Գաբրիելյանի հետ, դա միայն նրա դեմ ուղղված սադրանք չէր, դա սադրանք է ուղղված բոլորի նկատմամբ, պետական ինստիտուտի նկատմամբ եւ կարեւոր չի, որ դու իշխանության, ընդդիմության ներկայացուցի՞չ ես, թե անկախ պատգամավոր, այն ինչ տեղի է ունեցել մեր գործընկերոջ հետ, կարող էր տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ։ Ցավում եմ, որ մենք ականատես ենք լինում մի խմբակի կողմից կազմակերպված գործողությունների, որն ըստ էության՝ նոյեմբերի 9-ին տեղի ունեցող իրադարձությունների ուղղակի շարունակությունն է, շարունակություն, որի պատճառը թերեւս անպատժելիության մթնոլորտն է։ Մենք իրավունք չունենք տրվել սադրանքների, իրավունք չունենք օրենքի տառից շեղվել, բայց պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս իրավիճակի վերջը երեւա»,- ասաց Հակոբյանը։
Հիշեցնեն, որ ավելի վաղ Ազգային ժողովի դիմաց ծեծկռտուք է տեղի ունեցել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ:











