Տարեգիրներն ու պատմաբանները կանդրադառնան աներեւակայելի դժնդակ պատերազմի նկարագրությանը. 44 օր նայելով կյանքի ու մահվան աչքերին, ունեմ իմ սուբյեկտիվ դիտարկումները եւ ավելի ցավալի դրվագների մասին իմ հիշողությունները: Այս մասին Արցախի Աժ-ում հայտարարեց ԱԺ նխագահ Արթուր Թովմասյանը:

Նա, մասնավորապես, ասաց. «Անդառնալի կորուստներ, գերության ճիրաններում տառապյալներ, անհայտ ու խեղված ճակատագրեր, իրենց բնօրրանները հարկադրված լքած հազարավոր ընտանիքներ. Սրանք պատերազմի թողած այն ահասարսուռ հետեւանքներն են, որը կարելի միայն համեմատել հայությանը պատուհասած երբեմնի եղերական ժամանակների հետ:

Կորցրեցինք պատմական Արցախի ¾ մասը, հազարավոր հերոս հայորդիներ  իրենց կյանքը զոհաբերեցին վասն հայրենյաց, որպեսզի շարունակենք ապրել, արարել, մաքառել, որպեսզի հայաշունչ ոգին թեւածի այս սուրբ հողում եւ չդադարեն մեր եկղեցական զանգերի ավետաբեր ղողանջները:

Ռազմական փորձագետ մասնագետների վերլուծությամբ արցախյան վերջին պատերազմը իր ծավալների, մարտական գործողություններին ներգրավված զինաանձնակազմի ու զինապաշարի առումով նախադեպը չուներ: Առավել եւս, որ Հարավկովկասյան տարածաշրջանում մեզ վիճակված էր առաջինը կրել  ու դիմակյել միջազգային ահաբեկչության հարվածները:

Այս համապատկերում միջազգային հանրության կողմից չեղան համարժեք արձագանքներ ու գնահատականներ: Ասել է թե պետք է ապավինենք սեփական ուժերին ու հնարավորություններին, միաժամանակ շնորհակալական ձեռքը պարզելով դեպի ռուսական խաղաղապահ ուժերը:

Այս ֆորսմաժոային իրավիճակում, երբ լիովին կաթվածահար է եղել երկրի տնտեսությունը, մեր հբնակչությունը կրել է բարոյահոգեբանական հուժկու ցնցումներ: Մեզնից յուրաքաչյուրից  պահանջվում է սթափ գնահատել իրավիճակը, վերագտնել արցախցուն տիպական համառության կերպարը եւ շարժվել առաջ»:

Խոսքի վերջում ներկանոերը մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհվածների հիշատակը: