Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի եւ Իրաքի ժողովրդական մոբիլիզացիոն ջոկատների հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսի մահվան տարելիցի կապակցությամբ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում են հավաքվել հարյուրավոր իրաքցիներ, հայտնում է Tasnim-ը: 

Շաբաթ երեկոյան հավաքվածները միացել են Բաղդադի օդանավակայան տանող խճուղով ընթացող երթին, որտեղ տեղի է ունեցել երկու բարձրաստիճան զինվորականների սպանությունը:

Խճուղու երկու կողմերում տեղադրված էին Սոլեյմանիի եւ ալ Մուհանդիսի պատկերներով պաստառներ:

Որոշ տեղեկություններով՝ երթին մասնակցել են հազարավոր մարդիկ:

Գեներալների զոհվելու վայրում տեղադրել էին նրանց լուսանկարները, որոնց մոտ մոմեր էին վառել:

Սոլեյմանին զոհվել է 2020 թվականի հունվարի լույս 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ հրթիռային հարվածի հետեւանքով: Ի պատասխան Թեհրանը հունվարի լույս 8-ի գիշերը հրթիռային հարված էր հասցրել Իրաքում երկու օբյեկտների, որոնք օգտագործում էին ամերիկացի զինվորականները՝ Այն էլ Ասադ բազային եւ Էրբիլի օդանավակայանին: Իրանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ անպայման վրեժխնդիր կլինի Սոլեյմանիի սպանության համար:

Ամերիկյան որոշ լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Թեհրանը ծրագրում է հարված հասցնել Մերձավոր Արեւելքում ամերիկյան ուժերին՝ կապված գեներալի մահվան տարելիցի հետ: