Քրոջս որդին է անհայտ կորել, զույգ եղբայրներ են, մեկին հոկտեմբերի 14-ին բերեցինք Երեւանի հոսպիտալ, մյուսի անունը մոտ 10-12 օր հետո զոհվածների ցուցակում էր, բայց մարմինը չեն գտնում, շրջել ենք բոլոր դիահերձարաններով, չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է կառավարության շենքի առջեւ անհետ կորած զինծառայողի հարազատների բողոքի ցույցի մասնակիցը։
«Մի զինվոր տեղեկություն է տվել, թե մարտի ժամանակ մարմինը քաշ է տվել անվտանգ վայր։ Նոյեմբերի 4-ին մյուս եղբայրն է ԴՆԹ-ի համար անալիզ հանձնել, քանի որ նրանք երկկողմանի ծնողազուրկ են։ 2 ամիս է՝ պատասխան չկա։ Հերացու դիահերձարան եմ գնացել, ահասարսուռ տեսարան էր, ոսկորներ են պարկերի մեջ, տարբերակել անհնար է։ Մեզ ասացին, թե մինչեւ հունվարի 25-ը պետք է սպասեք, քանի որ նորից դիեր են բերվել։ Հետաքրքիր է՝ ԴՆԹ անալիզ անող սարքը մեկ հա՞տ է այս պետությունում, եթե այո, ինչո՞ւ եւս մի քանիսը չեն գնել, ի վերջո, մենք պետությո՞ւն ենք, թե՞ ոչ», ասել է անհետ կորած զինծառայողի մորեղբայրը։











