Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը համապարփակ քննարկում են ծավալել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում, գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։   

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր՝ հունվարի 5-ին, հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Արա Այվազյանը կարևորել է Արցախի և Հայաստանի պատկան մարմինների միջև տարբեր մակարդակներով ինտենսիվ փոխշփումների և խորհրդակցությունների դերը` որպես արդյունավետ ձևաչափ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերը տեղում հասցեագրելու և ներկա պայմաններում հետագա համագործակցության շրջանակներն ուրվագծելու համար:

«Նախագահ Հարությունյանը և նախարար Այվազյանը համապարփակ քննարկում են ծավալել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում, գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ: Հանդիպման օրակարգի առանցքային թեմաներից էին պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորման, այդ թվում, պատերազմի հետևանքով տեղահանված արցախահայության` իրենց բնակավայրերը վերադառնալու պայմանների ստեղծման, տուժած ենթակառուցվածքների վերականգնման, սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի հարցերը:

Երկուստեք շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման առաջնահերթությունը, որի հիմքում ընկած պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը», նշված է ԱԳՆ հաղորդագրությունում: