Մեզ մոտ շահագործվեց դեմոկրատիա հասկացությունը, եւ եթե վերլուծենք, մեզ մոտ ոչ թե դեմոկրատիայի, այլ օլխլոկրատիայի է նմանվում, այսինքն ամբոխավարության: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, մտավորականները, մշակույթի և գիտության ներկայացուցիչների հավաքի ժամանակ նշեց կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:
«Իսկ ամբոխն ավելի հեշտ կառավարելի է, որի արդյունքն էլ մենք տեսանք՝ դյուրահավատություն, եւ ունեցանք այն, ինչ այսօր ունենք:
Ես չեմ կարող խոսել տնտեսության մասին, որովհետեւ տնտեսագետ չեմ, քաղաքականությունից չեմ կարող խոսել, որովհետեւ քաղաքագիտությունից խորը գիտելիքներ չունեմ: Չեմ կարող խոսել բժշկության մասին, բայց պատկերացրեք մի իրավիճակ, որ վաղն ինձ շատ մեծարեցին եւ առաջարկեցին գլխավոր վիրաբույժի տեղը: Ձեզնից որեւէ մեկը կհամաձայնի՞ գալ ինձ մոտ, որ ես վիրահատեմ: Համոզված եմ, որ ոչ ոք չի գա»,-ասաց նա:
Վարդազարյանը անդրադարձավ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին՝ նշելով, որ պետք է անպայման սահմանադրական ճանապարհով փոխել իշխանությունը:
Ավելի վաղ նա լրագրողների հետ զրույցում նշել էր. «Դուք գիտեք, որ ցանկացած երկրում պարտություն կրելուց հետո իշխանությունը փոխվում է, ուրեմն հարկավոր է գործել: Հարկավոր է գործել բոլոր օրինական ճանապարհներով, և եթե բախման հետևանքով պիտի լինի իշխանափոխություն, ապա արդյունավետությունն ու միջազգային արձագանքն էլ դրական չի լինի, դրա համար օրինական ճանապարհով պիտի լինի ամեն ինչ։ Նորից եմ ասում՝ խոսքն անձի մասին չէ, անձն արդեն պարտված է, այստեղ խոսքը պետականություն պահելու մասին է»:











