Անհրաժեշտ է նախանշել Լեռնային Ղարաբաղում կարգավորման հետագա քայլերը, այդ թվում` խաղաղապահների գործունեության եւ հումանիտար խնդիրների լուծման հարցերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Կարծում եմ, որ այսօր կարեւոր կլիներ առաջին հերթին նախանշել կարգավորման առանցքային ոլորտների հետ կապված հետագա քայլերը, որոնք նախանշված են նախորդ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունում: Ես նկատի ունեմ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության, սահմանազատման գծերի հստակեցման, հումանիտար խնդիրների լուծման, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հետ կապված հարցերը»,- ասաց Պուտինը:











