Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիեւին եւ Նիկոլ Փաշինյանին Կրեմլում, ում հետ եռակողմ բանակցություններ է վարում երկուշաբթի, գրում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի պետության ղեկավարն իր հյուրերին սպասում էր Կրեմլի առաջին մասնաշենքի ներկայացուցչական կաբինետի մեծ կլոր սեղանի մոտ: Պուտինը սեղմել է Ալիեւի ձեռքը եւ գրկել նրան, ապա նույն կերպ ողջունել է Փաշինյանին: Նստելով սեղանի շուրջ` Ադրբեջանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը ողջունել են միմյանց եւ գլխով արել:

Բոլոր ղեկավարներն առանց դիմակների էին: Ռուսաստանի նախագահի բացման խոսքից հետո բանակցությունները շարունակվեցին դռնփակ:

Դեմ առ դեմ հանդիպման նախաձեռնողը Պուտինն էր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը նախատեսում են քննարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության կատարումը եւ տարածաշրջանի խնդիրների լուծման հետագա քայլերը: Ակնկալվում է, որ քաղաքական գործիչները հատուկ ուշադրություն կդարձնեն ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակիչներին օգնության ցուցաբերման, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ զարգացման հարցերին: