2020 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 385,2 միլիարդ դրամ, ինչն ավել է մոտ 60 մլրդ դրամով, այդ մասին հունվարի 15-ին հայտարարել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2020 թվականին հարկային եւ մաքսային ոլորտներում կատարված աշխատանքը, ինչպես նաեւ ընթացիկ տարվա ընթացքում սպասվող միջոցառումները:

Պետեկամուտների կոմիտեի նախագահը, մասնավորապես, ներկայացրել է հավաքագրված եկամուտների ցուցանիշը:

«Համաձայն 2020 թվականի հոկտեմբերին ընթացիկ տարվա բյուջեի նախագծում կատարված փոփոխությունների՝ տարեկան եկամտի ցուցանիշը նախատեսված ՝ 1 տրիլիոն 326 միլիարդ դրամ: Անցած տարի զուտ հարկային մասով հավաքագրված ծավալները կազմել են 1 տրիլիոն 88,6 միլիարդ դրամ, իսկ մաքսային մուտքերը՝ 296,6 մլրդ դրամ: Ընդ որում՝ ի տարբերություն 2019 թվականի, բացասական տարբերություն զուտ հարկային մուտքերի առումով գրեթե չկա. այն չնչին է եւ կազմում է ընդամենը 0,2 տոկոս: Ընդ որում՝ մաքսային վճարների բացասական տարբերության մեծ մասը կապված է տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումներից ստացված եկամուտների հետ»,-նշել է Հովհաննիսյանը:

Նա նաեւ հիշեցրել է, որ 2019 թվականին այդ գործընթացն անհամեմատորեն ավելի ակտիվ է եղել: