Սորոսի հիմնադրամում իմ աշխատանքի ժամանակ դատական ոլորտում կարեւոր նախաձեռնություններ են իրականացվել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը՝ պատասխանելով այդ հիմնադրամում իր աշխատանքի մասին Թագուհի Թովմասյանի հարցին:

Պատգամավորի խոսքով՝ շատ հայտարարություններ են հնչում «Բաց հասարակություն» հիմնադրամի աշխատանքի մասին, որոնք ուղղված են ՀՀ շահերի դեմ: Նա Խաչատուրյանին խնդրել հաստատել, որ նա կաշխատի բացառապես երկրի շահերից ելնելով:

«Ես կաշխատեմ բացառապես երկրի շահերից ելնելով: Սակայն այս հայտարարությունը չի նշանակում, թե ես որպես փաստ ընդունում եմ այն կարծիքը, թե հիմնադրամն այլ գործունեություն է ծավալել: Դուք ինքներդ ասացիք, որ դրանք խոսակցություններ են: Բնականաբար, այդ խոսակցությունների ակտիվությունը որեւէ կերպ չի ազդում իմ հավատարմության վրա»,-ասաց Խաչատուրյանը:

Նա նաեւ նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ դրանց, քանի դեռ դրանք խոսակցություն են, այլ ոչ թե փաստ:

Թեկնածուի խոսքով՝ տվյալ հիմնադրամի միջոցով իրականացվել են բազմաթիվ կարեւոր նախաձեռնություններ կրթական եւ դատական ոլորտներում:

Խաչատուրյանը ուշադրություն հրավիրեց նաեւ նրան, որ խորհրդի նախկին ղեկավարներից մեկը նշանակվել էր Սերժ Սարգսյանի՝ իրավական հարցերով խորհրդական, եւ «ոչ ոքի մոտ որեւէ հարց չառաջացավ»: