Առաջին հերթին մենք պետք է ազատվենք բանակի գլխավոր հրամանատարից, որովհետեւ նա այլեւս պարտության սիմվոլ է, իսկ մեր բանակը պարտված չէ։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։
«Դա պետք է անել ազգովի, դա սարերի հետեւում չէ, մենք դա պարտավոր ենք եւ պետք է անենք։ Նիկոլ Փաշինյանն ուղղակի կործանեց բանակը։ Նրա հեռացումից պետք է սկսել։ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք ոչ միայն պարտության սիմվոլ, այլ նաեւ թշնամի։ Թշնամուն պետք է հեռացնել ընդհուպ ֆիզիկապես՝ զենքի միջոցով։ Այո, ես սպառնալիքի կոչեր եմ հնչեցնում։ Ինձ թող ԱԱԾ-ն ձերբակալի։ Թշամին ենթակա է ոչնչացման։ Դա պետք է անհատները անեն։ Մեկը ես պատրաստ եմ դա անել։ Նախ մենք պետք է երկիրը մաքրենք թշնամուց, հետո մյուս հարցերը լուծենք»,- ասաց նա։
Բադասյանը նշեց, որ պետք է ձեւավորել ազգային ուժ, հետո այդ ազգային ուժն իրենից պետք է ընտրի առաջնորդ. «Մենք այսօր քննարկելու ենք օրեր առաջ Մատենադարանում տեղի ունեցած հայկական համաժողովի արդյունքները։ Առաջարկություն է եղել ստեղծել ռազմական խորհուրդ։ Մենք ստեղծելու ենք այդ ռազմական խորհուրդը, հրապարակելու ենք խորհրդի ձեւն ու գործունեությունը»։
Վահան Բադասյանը շեշտեց, որ Արցախի ղեկավարության կազմը նույնպես պետք է ամբողջովին փոխել։
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվեց պատերազմին ծրագրավորած. «Սկսած 2001 թվականից, որտեղ ինքը իր հայտնի հոդվածով հանդես եկավ, այդ օրվանից նա պատրաստվում է։ Նրան դրսի ուժերը պատրաստել են դավաճանության»։
Լրագրողի հիշեցմանը, որ ինքը սատարում էր Փաշինյանին՝ Բադասյանն ասաց. «Ես նրան սատարում էի՝ ատելով հներին։ Նա առաջին հերթին դավաճանեց հեղափոխությանը, նա չպատժեց հանցավոր հներին։ Նա առաջ բերելով իր ծրագիրը՝ կատարեց անթույլատրելին»։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե դավաճանել էին բանակին, այդ պատճառով պարտվեցինք, Բադասյանն ասաց. «Նա մանիպուլյացնում է դա։ Նա առավոտից երեկո բացի իր պարտականությունից, զբաղվում է մանիպուլյացիայով եւ ստերով։ Նա ոչինչ չի հասկանում պետական կառավարումից, գերիների հարցով մատը մատին չի տալիս»։
Հարցին՝ արդյոք կո՞ղմ է արտահերթ ընտրություններ անցկացնելուն, Բադասյանն ասաց. «Արտահերթ ընտրություններ պետք չեն, ինքը պետք է վերանա ու հեռանա։ Եթե չի հեռանում, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, զենքով։ Ես սկսելու եմ կազմակերպել»։











