ՀՀ դատարանից ակնկալիքն այն է, որ իրենք իրենց արժանապատվությունը փորձելու են պահել։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նշենք, որ քիչ առաջ դատարանում ընթանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելը մերժելու Հատուկ քննչական ծառայության եւ Դատախազության որոշումների դեմ ընթացող բողոքի քննությունը։
«Պետք է հարուցվի քրեական գործ, հետո հասկանանք՝ այդ քրեական գործի շրջանակներում գործողություն կատարվո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե չի կատարվում, դա նորից բողոքարկումների առիթ է տալիս։ Այսինքն՝ եթե այդ քրեական գործի շրջանակում քննիչն ինչ-որ անձի պետք է հարցաքննի եւ չի հարցաքննում, հետագայում այդ գործը կարճում է, դա նորից բողոքարկվելու է։ Այսինքն՝ դատավարական բոլոր հնարավորությունները կան՝ հետեւելու գործի պատշաճ ընթացքին։ Հնարավոր է գործը հիմա պատշաճ ընթացք չունենա, բայց մի օր ունենալու է։ Այս հաղորդումների կարեւորությունն այն է, որ իրավապահ մարմիններում լինեն այն գործերը, որոնք վաղը մյուս օրը տալու են իրենց արդյունքը»,- նշեց Խուդոյանը։
Փաստաբանի խոսքով՝ նախկինում էլ տարբեր հաղորդումներ եղել են վարչապետի հայտարարությունների վերաբերյալ, բայց այս վերջին հաղորդումներն ամփոփում էին, որովհետեւ, ըստ փաստաբանի, ուղղակի սպառնալիք ենթադրող խոսքեր են. «Եթե նախկինում ուղղակի գեներացվում էր ատելություն դատական իշխանության նկատմամբ, այդ վերջինն արդեն ֆիզիկական հաշվեհարդար էր»։
Հարցին՝ արդյոք դատական համակարգում խիստ բարեփոխումների անհրաժեշտություն կա՞, փաստաբանն ասաց, որ բարեփոխումների կարիք, միանշանակ, կա. «Միշտ քննարկվել է այդ խնդիրը, որ առաջին հերթին պետք է լուծվի դատարանների ծանրաբեռնվածության հարցը. հաստիքներ ավելացվեն։ Այդ ամենը ծախս է բյուջեի վրա, որը պետք է կատարվի։ Մենք տեսնում ենք, որ այդ ծախսը հնարավոր է անել, որովհետեւ մարդիկ մասնագիտացված դատարաններ են ուզում ստեղծել»։











