Քաղաքական իրադարձությունների վերաբերյալ գործը չի կարող քննվել առանց քաղաքական բաղադրիչների հիշատակման: Այս մասին փետրվարի 2-ի դատական նիստում ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ դիրքորոշում հայտնելով նախկին փոխվարչապետ Արմեն Գեւերգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի միջնորդության վերաբերյալ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին:
Հիշեցնենք, որ դատավորը Գեւորգյանին թույլ չէր տվել հանդես գալ քաղաքական գնահատականներով, արդյունքում՝ Գեւորգյանն ընդհանրապես ելույթ չունեցավ:
Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործը կապված է ընտրական եւ հետընտրական գործընթացների հետ:
«Այն ամբողջությամբ քաղաքական պրոցես է՝ որոշակի իրավական կարգավորումներով, ակնկալել, որ այս դատավարության ժամանակ ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ պետք է չլինի, նշանակում է՝ ուղղակի այս գործը չլսել իր բովանդակությամբ: Դիմում եմ Ձեզ՝ հաշվի առեք այս հանգամանքը: Չի կարող լինել դատավարություն քաղաքական գործընթացի մասին առանց քաղաքական կոմպոնենտի»,- ամփոփեց երկրորդ նախագահը:
Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը, խոսելով ընդհանրապես իրավական համակարգի մասին, հիշեցրեց վարչապետ Փաշինյանի կոչը ընդդիմախոսների հաշվեհարդար տեսնելու մասին եւ այն հանգամանքը, որ ոչ ոք չհամարձակվեց նրան պատասխանատվության կանչել:
Փաստաբան Հայկ Ալումյանը բողոքեց Գեւորգյանին իր տեսակետը հայտնելուց զրկելու կապակցությամբ: «Այս քրեական հետապնդումը քաղաքական բնույթ ունի»,- հիշեցրեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ հայտարարությունը քաղաքական բնույթ չունի, եւ իրենք մտադիր են ասածն ապացուցել: «Ո՞ւմ հրամանով է իրականացվում այս հետապնդումը: Եվ երբ մարդը փորձում է արտահայտվել, իսկ նրան զրկում են խոսքի իրավունքից, դա նրա իրավունքների ակնհայտ խախտում է»,- նշեց փաստաբանը
«Դատարանը ոչ միայն պետք է օբյեկտիվ լինի, այլեւ կողմնակի դիտորդի վրա օբյեկտիվության տպավորություն թողնի: Իսկ Դուք սուբյեկտիվ մոտեցում եք դրսեւորում»,- արձանագրեց փաստաբանը:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատարանը Գեւորգյանին զրկել է իր դիրքորոշումը հիմնավորելու հնարավորությունից: «Դուք ակնհայտորեն սուբյեկտիվ դիրքորոշում ունեք: Ձեզնից բոլորը դժգոհ են»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դատավորը մշտապես սահմանափակում է կողմերի իրավունքները:











