Արտահերթ ընտրությունների նախադրյալներ ընդհանրապես չկան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Մասնակցել պետք է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ուզածն էլ դա է, որ մենք դաշտը թողնենք լրիվ իրենց: Բայց այլ է խնդիրը, թե որքանով է ՀՀ-ում այսօր անհրաժեշտ արտահերթ ընտրություն անցկացնելը: Բացարձակապես պետք չի:Դա մոտ 5 մլրդ դրամի խնդիր է, իսկ այդ 5 մլրդ դրամով թող Նիկոլ Փաշինյանը բարի լինի հոգ տանել պատերազմում հաշմանդամություն ստացած երեխեքի առողջության մասին, ոչ թե իր սեփական իշխանությունը վերարտադրելու:

Ինքն է ձախողել պատերազմը, ինքը պետք է հեռանա, ԱԺ-ն թող մնա հանգիստ: Ես չեմ ասում, որ գոհ ենք ԱԺ-ի այսօրվա կազմից: Այնտեղ կան պատգամավորներ, որոնք գալիս են պարապ ինքնահիյացմամբ զբաղվելու, պամադա քսելու, սրա-նրա հետեւից կեղծ բաներ գրելու: Բայց այս պահյին արտահերթ ընտրություն անցկացնելը նպատակահարմար չի: Թող Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, եւ այնպիսի իրավիճակ լինի, որ նա որպես վարչապետ կամ պաշտոնակատար որեւէ լծակ չունենա ազդել ընտրությունների ընթացքի վրա, եւ ինքը չպետք է մասնակցի ընտրություններին»,-ասաց նա: