Մենք նախաձեռնում ենք «Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին» խորագրով ծրագիրը: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը:

«Գաղափարն այն է, որ Երեւանի տարածքում կա գեղեցիկ բավական մեծ անկյուն՝ 9 առանձնատնով, սպասարկող անձնակազմով, որտեղ պատսպարվել են երկու ընտանիք, որոնք անցանկալի անձինք են մեր պետության համար: Անկախ նրանից, թե երբ տեղի կունենա իշխանափոխությունը, բայց մինչ այդ մենք պետք է պահանջենք, որ այդ երկու ընտանիքները հավաքեն իրենց իրերն ու դուրս գան այդ առանձնատներից:

Մեր պետությունն ինչո՞ւ պետք է այդ ահռելի ռեսուրսները տրամադրի այդ երկու ընտանիքին, որոնց ղեկավարների մտածված թե տգիտության հետեւանքով մենք ունեցանք տարածքային, մարդկային հսկայական կարուստներ: Ես կոչ եմ անում այդ երկու ընտանիքին՝ արագ հավաքեք ձեր իրերը եւ հեռացեք, այն պետք է դառնա խոշոր միջազգային բժշկական կենտրոն, որտեղ պետք է օգնություն ստանան մեր հազարավոր տղերքը, որոնք  ունեն բժշկական տարբեր ծառայությունների կարիք»,-ասաց նա:

Գեղամ Նազարյանի խոսքով, երբ որ այս ծրագիրն իրականանա, այդ տարածքը հանձնվի զինվորներին, կգտնվեն բարերարներ, որոնք կօգնեն բարձր մակարդակի պրոթեզավորման կենտրոն այնտեղ հիմնելու:

Նա նշեց, որ այս առաջարկն անելուց առաջ այն քննարկել է զոհված զինվորների ծնողների հետ, այդ թվում Կարին Տոնոյանի, Դավիթ Ամալյանի հետ, եւ նրանք աջակցում են նախաձեռնությանը: