Միգրացիոն տրամադրությունները պետք է գնահատել ժամանակի տեսանկյունից. այս պահին հեռանալու ցանկություն ունեցողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, նույն կերպ կարելի է ասել, որ դեկտեմբերին արտագաղթել ցանկացողներն ավելի շատ էին, քան հիմա: Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ տված զրույցում ասաց Հայաստանի սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նրա խոսքով` ինքը ծանոթ չէ թվերին, այդ թվում ՝ հետպատերազմյան ժամանակաշրջանի, բայց զարմացած չէ այս միտումից: «Պատերազմի ժամանակ միգրացիայի լուրջ արտահոսք չի եղել, քանի որ համապատասխան հնարավորություններ չկային: Հիմա, երբ օդային հաղորդակցություն հաստատվի, աշխարհը կբացվի Հայաստանի համար, իսկ Հայաստանը` աշխարհի, եւ այդ ժամանակ մենք ավելի իրատեսական պատկեր կստանանք»,- հավելեց Սինանյանը:

Ինչ վերաբերում է ներգաղթին, ապա, նրա խոսքերով, այդպիսի սպասելիքներ միշտ էլ կան, բայց ակնհայտ է, որ այժմ մարդիկ հոգեբանական անկում են ապրում` պատերազմի բացասական արդյունքների հետ կապված, ուստի սպասվում է, որ կարճ ժամանակահատվածում միգրացիոն արտահոսք տեղի կունենա: «Ես պատրաստվում եմ այցելել օդանավակայաններ եւ ծանոթանալ արտագաղթել ցանկացող քաղաքացիների խնդիրներին: Ինչ վերաբերում է տոմսերի գներին, ապա դա շուկան է որոշում, եւ այդ հարցը մեր իրավասությունների շրջանակներից դուրս է: Մենք ազգային ավիափոխադրող չունենք, որպեսզի կարողանանք ինչ-որ կերպ ազդել դրա վրա»,- եզրափակեց պաշտոնյան: