Հայաստանի ներկայիս վարչապետ, քաղաքացի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն հեռանում, քանի որ գերխնդիրը դեռ չի կատարվել: Այս մասին «Հայելի» ակումբին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանի խոսքով` դատելով ադրբեջանական ու թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումներից, կարող են ինչ-որ պայմանավորվածություններ լինել: Թուրքիայի դեպքում դա հայ-թուրքական սահմանի օրինականացումն է, իսկ Ադրբեջանի դեպքում` խաղաղության դաշնագրի կնքումը` գրավյալ տարածքների փոխանցմամբ եւ Արցախի մնացած հատվածը որպես մշակութային ինքնավարության հռչակմամբ:

«Երկրորդ նպատակը Սյունիքն է: Զանգեզուրի հետ կապված Ադրբեջանի ախորժակը գաղտնիք չէ: Ի դեպ, Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի բոլոր հարեւանների, այդ թվում` Թուրքիայի նկատմամբ»,- ասաց Ալավերդյանը:

Պատասխանելով գերիների մասին հարցին` առաջին օմբուդսմենը շեշտեց Փաշինյանի անմիջական մեղքը, որ այդքան գերի կա եւ նրանք դեռ չեն վերադարձվել: «Ալիեւը նույնպաես գիտի Փաշինյանի մեղքի մասին, եւ դա միշտ հաղթաթուղթ կլինի նրա ձեռքում»,- նշեց առաջին օմբուդսմենը: Իսկ թե ինչ է պահանջում Ադրբեջանի նախագահը բանտարկյալների դիմաց, կարելի է կռահել: Դրանք կարող են ինչպես տարածքներ, այնպես էլ համաձայնագրեր լինեն: «Մենք միայն այսբերգի գագաթն ենք տեսնում: Դա վերաբերում է նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարությանը եւ հունվարի 11-ի համաձայնություններին»,- նշեց Ալավերդյանը` հավելելով, որ կոմունիկացիաների բացումը չափազանց բարդ գործընթաց է, որն ուղղակիորեն ազդում է անվտանգության խնդիրների վրա: «Պատկերացրեք, թե ինչ կարող է զիջել քաղաքացի Փաշինյանը` Ալիեւի ախորժակները բավարարելու համար»,- ասաց առաջին օմբուդսմենը:

Նա ընդգծեց ռազմագերիների խնդրի լուծման եւ անհայտ կորածների հայտնաբերման կարեւորությունը մարդասիրական տեսանկյունից: Սակայն նա հավելեց, որ խնդրի շահարկում է տեղի ունենում. շեշտադրում անելով այս հարցի վրա` իշխանությունները միաժամանակ փորձում են էլ ավելի կարեւոր քաղաքական խնդիրներ թաքցնել: «Երբ իշխանություններն ազգային շահերի տեսանկյունից գործեն, գերիների, մարմինների եւ անհայտ կորածների հարցը նույնպես կլուծվի բնական ճանապարհով: Հիշեցնեմ, որ նույն իշխանություններն Ադրբեջանին տարածքներ տվեցին կենդանի մարդկանցով: Ադրբեջանցիները գտան նրանց եւ սպանեցին: Նրանք մի ծրագիր իրականացրին, որը հանգեցրեց ներկա իրավիճակին` ե՛ւ գերիներ, ե՛ւ զոհեր: Անհրաժեշտ էր ահռելի հոգեբանական ճնշում ստեղծել, ժողովրդին քաղաքական ապատիայի հասցնել: Ուստի իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է իրավիճակից դուրս գալու»,- եզրափակեց առաջին օմբուդսմենը: