Մարզպետարանի աշխատողի քրոջն առավելություն տալը մարզպետարանի կողմից ներկայացված ներկայացուցիչների կողմից դասական հովանավորչության մասին է խոսում: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը` անդրադառնալով Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում տնօրենի հաստիքի համար անցկացված մրցույթին:
Հարցին՝ ստացվում է, թե ոչինչ չի փոխվել եւ ամեն ինչ ծանոթ-բարեկամով է եւ քաղաքականացված է, պատգամավորն ասաց. «Ես չեմ ասի, որ ոչինչ չի փոխվել, այլ կասեմ՝ երբեմն բախտներս բերում է, բայց այդ երբեմն շատ քիչ է լինում: Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է իրենց իրավունքը իրացնեն եւ պահանջեն համապատասխան բացատրություն:
Ես կարծում եմ՝ ոչ թե քաղաքական կամքի բացակայությունն էր խնդիրը, այլ ի սկզբանե խոսվեց այն մասին, որ պետք է տնօրենների ընտրության կարգը փոխվի, բայց կարծես կրթության նախարարությունը հապաղում է, մի կարգ էին մշակել, որը կարծես թե չբավարարեց ուսուցիչներին ու մեկ այլ տարբերակ են փնտրում»,-ասաց նա եւ նկատեց, որ արդյունքում անգամ դեպքեր են լինում, երբ երկու-երեք քրգործով, յուրացումների գործով գնացող տնօրենը վերընտրվում է եւ նախարարությունը ոչինչ անել չի կարող:
Անդրադառնալով Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի շուրջ բարձրացված աղմուկին՝ Սոֆյա Հովսեփյանն ասաց, թե անհասկանալի է ձայների առավելությունը: «Երկուսը դպրոցինն է, երկուսը՝ ծնողինը, մեկը՝ նախարարությանը, մեկը՝ համայնքինը եւ եւս երկուսը՝ մարզպետարանինը, ես չգիտեմ՝ երկու ձայները որտեղի՞ց է, բայց այս կարգով շահարկում են այնպես, որ հասնի փոխվարչապետին եւ հետո արդեն նշանակումը անեն կամ՝ ըստ քաղաքականության, կամ՝ ըստ ցանկության, կամ՝ ըստ տրամաբանության»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք այս բոլոր հարցերում տեսնում է քաղաքական կոմպոնենտ, Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ եթե խաչվում է ներկա կամ նախկին մարզպետների, պատգամավորների անունների հետ, քաղաքական կոմպոնենտը իրենք կամ պետք է հերքեն, կամ՝ հաստատեն: «Ես գտնում եմ՝ կա, որովհետեւ ինչու է կապվում հենց իրենց հետ: Եթե իմ անձի հետ ինչ-որ բան է կապվում, ես որպես կանոն գնում եմ ոստիկանություն»,-ասաց նա:











