Այս դժվարին ժամանակներում առավել քան երբևէ պետք է զարգացնել հայկական արտադրանքն ու խթանել արտահանումը։ «Առևտրի համար պատրաստ» ծրագիրն օգնում է հայաստանյան փոքր և միջին բիզնեսներին մուտք գործել նոր շուկաներ ու լինել մրցունակ: Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում: Հայաստանում այն հիմնականում աջակցում է չրերի, պահածոների, խոտաբույսերի ու բուսական թեյերի արտադրության, ինչպես նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտներում գործող շուրջ 100 ընկերությունների, որոնցից 20-ը ծրագրի հիմնական շահառուներն են։ 

Այս ընկերությունների համար մշակվել են զարգացման և արտահանման ծրագրեր, ներդրվել են որակի կառավարման և սննդի անվտանգության միջազգային ստանդարտներ, միջազգային առաջատար մասնագետների կողմից  տրամադրվել է անհատական խորհրդատվություն, ինչպես նաև անցկացվել են մի շարք սեմինարներ ու դասընթացներ բիզնեսի կազմակերպման ամենատարբեր կողմերի վերաբերյալ, ապահովվել է մրցունակ բրենդինգ և փաթեթավորում, ինչպես նաև կազմակերպվել է մասնակցություն մի շարք միջազգային խոշոր ցուցահանդեսների։ 

Ծրագրի աջակցության արդյունքում ընկերություններն առավել մրցունակ են դառնում, իսկ միջազգային շուկայում գնորդները հայկական արտադրանքի միջոցով բացահայտում են Հայաստանը: