Այս պահին Հայաստանում չկա մի կառավարություն, որը կգործեր ազգի կամ պետության շահերից: Այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա, մասնավորապես նշեց, որ Հայաստանում իշխանությունները չեն կարող պատասխանել հասարակությանը հուզող գոնե մեկ հարցի: Փոխարենը, ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի, իշխանությունները տարբեր տեսակի կեղծ օրակարգեր են առաջ քաշում եւ փորձում ամեն կերպ դրանք պարտադրել հասարակությանը` մարդկանց ուշադրությունն ավելի կարեւոր եւ հրատապ խնդիրներից շեղելու համար:
«Հայաստանում չկա մի կառավարություն, որը կարող է արձագանքել Թուրքիայի կողմից եկող սպառնալիքներին եւ պատվով պատասխանել սպասվող ագրեսիային»,- շեշտեց Փոստանջյանը: Այս համատեքստում նա համոզված է, որ Հայաստանում անհապաղ անհրաժեշտ է նոր կառավարություն ստեղծել: Դա, ըստ քաղաքական գործչի, ժամանակավոր կառավարություն կլինի, որը կվերափոխի բանակը:
Նա նաեւ մեկնաբանեց այն լուրերը, թե Ղարաբաղի պաշտպանության բանակը պատրաստվում են լուծարեկ: Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ-ի հայկական բանակ, որպես այդպիսին, եւս չի լինի: «Ակնհայտ է, որ ԼՂՀ ՊԲ-ն մեր Զինված ուժերի հիմնական բաղադրիչն է: Եթե Ղարաբաղ չլինի, Սյունիք էլ չի լինի»,- եզրափակեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարը:











