Համաշխարհային մամուլն ու սոցցանցերն ակտիվորեն քննարկում են հերթական դեպքը, երբ Zoom-ում վիդեոկոնֆերանսի ժամանակ շփոթություն է տեղի ունենում:

Այս անգամ բավական լուրջ միջոցառման ժամանակ՝ Տեխասի դատական նիստի ժամանակ, մասնակիցներից մեկը՝ փաստաբան Ռոդ Փոնթոնը, ներկայացել է կատվի վիրտուալ դիմակով, հաղորդում է BBC-ը:

«Միստր Փոնթոն, ինձ թվում է, որ դուք միացրել եք ֆիլտրը վիդեոյի կարգավորումներում»,-ասել է դատավորը:

«Այո, ես չգիտեմ, թե ինչպես դա կարող եմ վերացնել: Իմ օգնականն այստեղ է, նա փորձում է, սակայն…Ես պատրաստ եմ շարունակել: Ես իսկապես այստեղ եմ, ես կատու չեմ»,-ասել է փաստաբանը: «Ես տեսնում եմ»,-անվրդով ասել է դատավորը:

Ավելի ուշ նա սոցցանցերում տեսանյութ է տեղադրել եւ գրել. «Եթե երեխան օգտվել է ձեր համակարգչից նախքան վիրտուալ լսումներին միանալը, ստուգեք վիդեոյի կարգավորումները, որպեսզի համոզվեք, որ ֆիլտրերն անջատված են»: