Նախորդ ողջ տարվա ընթացքում ամենատարբեր հարթակներում շահարկումների եւ փոթորկումների առարկա էր սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի թեման. Հիմա արդյունքներն ամփոփված են եւ ուզում եմ ասել, որ 2020-ին մենք ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, 2018-ի համեմատ 2020-ին տրամադրված վարկերը 6 անգամ գերազանցել  են. «Եթե 2018-ին 5782 վարկ է տրամադրվել, ապա 2020-ին 36 608 վարկ է տրամադրվել: Ընդ որում, 2020-ին գյուղատնտեսական տարին անցավ բուռն քննադատությունների ներքո, որ գյուղացիներին վարկ չենք տալիս, զրկել ենք, ոչ մի բան չեն ստանում գյուղացիները: 2018-ի համեմատ գյուղատնտեսական վարկերի ծավալը 3,5 անգամ աճել է:

«Մենք նախորդ տարի խնդիր ենք ունեցել գյուղատնտեսական վարկերի հասցեականության հետ: Պետք է այնպես անել, որ այդ վարկերը ծախսվեն գյուղատնտեսության վրա: Այս տարի ուզում ենք շեշտը դնել 3-15 մլն դրամանոց վարկերի վրա, որը հենց զարգացման տրամաբանության մեջ է: Կոնկրետ ծրագրով կոնկրետ ֆինանսավորում ենք իրականացնում: Շատ մեծ հույս կա, որ 90 տոկոսը կներդրվի գյուղատնտեսության մեջ»,-հավելեց Փաշինյանը: