ԱԳ նախարարը երեւի թե նկատի ուներ, որ Թուրքիան միշտ որպես պատրվակ սահմանների հարցում բերում էր Լեռնային Ղարաբաղի, այսպես ասած՝ օկուպացված լինելը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում ԱԳ նախարար Արա Այվազյանի հայտարարությանը, ըստ որի Թուրքիան այլեւս որեւէ պատճառ չունի Հայաստանի հետ սահմանը չբացելու համար:

«Բայց ես գտնում եմ, որ այսօր սահմանների փակ լինելը կապված չէ միայն ԼՂ-ում պատերազմի հետեւանքների հետ։ Ինձ թվում է՝ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շատ հեռու են բարեկամական լինելուց։ Երկար ժամանակ պետք է անցնի, Թուրքիայում  փոփոխություններ պետք է լինեն, որ մենք կարողանանք Թուրքիային տեսնել ուղղակի երկիր, էլ չեմ ասում հարեւան երկիր: Ես չեմ տեսնում այդ մթնոլորտը Թուրքիայում: Ես հետեւում եմ ոչ միայն Էրդողանի կամ Չավուշօղլուի հայտարարություններին, այլ նաեւ Դեւլեթ Բահչելիի հայտարարություններիօն, որը  կոալիցիայի մեջ մտնող ուժի ղեկավար է: Դրանք բավական մտահոգիչ են եւ ես կասեի՝ ռասիստական»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք այսօր Հայաստանը պահանջ ունի Թուրքիայից, մասնավորապես, Ցեղասպանության ճանաչում, Իգիթյանը պատասխանեց. «Իհարկե, բայց մենք Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայից չենք պահանջում: Դա իրականացված փաստ է, որը շատ երկրներ հաստատեցին: Թուրքիան երբ հասկանա, կամ ճնշումն այնքան մեծ լինի, որ ճանաչի, կճանաչի, բայց մենք չենք խնդրում, որ Թուրքիան ճանաչի: Երբեք չենք խնդրել: Մենք միայնակ չենք այս փաստը ճիշտ ձեւով հասկանալու հարցում: Շատ կարեւոր երկրներ, միջազգային կառույցներ ճանաչել են:

Այս քաղաքական աղմուկի մեջ, որը ես համարում եմ արդյունք չտվող աղմուկ, մենք կորցնում ենք ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունը գնահատականն է տեղի ունեցածին: Ի՞նչ է տեղի ունեցել. Ադրբեջանը խախտել է բոլոր պայմանավորվածությունները, Թուրքիան խախտելով բոլոր բանաձեւերը եւ միջազգային իրավունքը ուղղակի մասնակցեց պատերազմին՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի ամենաժամանակակից զենքը: Օգտագործվել են ջիհադիստ վարձկաններ: Փոխանակ մենք փորձենք միջազգային ատյաններում բարձրացնենք այս հարցը, ընկել ենք այս հեռացիր-միհեռացիր, կամ կմնամ-չեմ մնա բանավեճի մեջ: Ինձ թվում է՝ քաղաքական կյանքը պետք է գնար իր հունով, բայց մենք չպետք է մոռանայինք ստեղծել այն օրակարգը, որը կարող է շտկել իրավիճակը»,-ընդգծեց նա: