Ինչ էլ արել են, եղել է շատ ուշացված՝ սկսած առաջին օրվանից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Կառավարության դիմաց ասաց 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողի հարազատը։
«Արհեստական ձեւերով ձգել են։ Ես ունեմ հիմա կասկածներ, որ Նիկոլ Փաշինյանըհամաձայնության է եկել Ալիեւի հետ, որ սրա համար էսքան փող կվերցնեմ, դրա համար՝ էդքան։ Դա թող համապատասխան մարմինները քննեն, ու հատ-հատ ստուգեն։ Ինքը բերանը ծռելով ասում էր՝ ինքն է Գերագույն հրամանատարը։ Այսինքն՝ ինքը պատերազմի ամբողջ ընթացքը ղեկավարել է։ Եթե ինքն է հրամաններն արձակել, ես էլ ասում եմ՝ Պաշտպանության բանակի հրամանատարները ո՞ւմ հրամանով են զորքը տարել ու կործանել։ Հրամանատարը միանձնյա չէր կարող հրաման կատարել, ուներ վերադաս, եթե ինքն ինչ-որ հրաման է տալիս, ուրեմն պիտի ունենա դրա համար բավարար հիմք։ Եթե ինքն է Գերագույն հրամանատարը, ուրեմն ինքը պիտի պատիժը կրի»,- նշեց անհետ կորած զինծառայողի հարազատը։
Նա նշեց, որ զինծառայողին փնտրելու հետ մեկտեղ պատրաստվում է դատական հայցեր ներկայացնել՝ ընդդեմ Կառավարության։











