Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են օժանդակել Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պետական ​​մարմիններին քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման եւ տուժած շրջանների բնակչության բնականոն կենսագործունեության համար պայմանների ստեղծման հարցում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանական կողմի խնդրանքով` ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ադրբեջանի Հանրապետության երկու ավտոշարասյան անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի տարածքով»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

Ավելի քան 60 բեռնատար Ռուսաստանի զինված անձնակազմի ուղեկցությամբ շինարարական նյութեր է հասցրել Շուշիի ենթակառուցվածքները վերականգնման համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը կշարունակի նպաստել եռակողմ համաձայնագրի անվերապահ իրականացմանը եւ խաղաղ կյանքի վերականգնմանը տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ: