«Հայրենիքի փրկության շարժման» ներսում որեւէ տարաձայնություն չկա. Վազգեն Մանուկյանն առանձին չի գործում, կար հրատապ հավաքի անհրաժեշտություն, եւ քաղաքացիների հետ բաց զրույց իրականացվեց: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում հանրային հավաքի ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չկա իր հեռացման հասարակական պահանջ, ինքը դրանով վիրավորում է ժողովրդին: Պահանջ կա, եւ այդ պահանջն իշխող քաղաքական ուժն առաջիկայում իր անձնական կաշվի վրա կզգա եւ կտեսնի: Մենք մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ, բնականաբար, անելու ենք, բայց ասել ենք, որ այս իշխանությունների հեռացումը հաժամողովրդական ճնշման արդյունքում է լինելու, որեւէ մեկը թող չկասկածի: Մենք պետք է իրենց քշենք եւ վերջ»,-ասաց նա:
Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու եւ ինքը միշտ կաջակցի ապստամբությանը, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Կիսում եմ այդ տեսակետ: Մեր ժողովուրդն այս չարիքի կառավարության դեմ ապստամբելու իրավունք ունի, դա իր բնական իրավունքն է»,- ասաց նա եւ նշեց, որ այդ ակցիաները լինելու են անհնազանդության, բողոքի հետեւողական քայլերի ձեւով:
«Քանի այս մարդը գտնվում է ՀՀ վարչապետի պաշտոնում, մեր երկրում չի լինելու կայունություն, խաղաղություն, գնալով մաշելու է: Կա հեռացման համաժողովրդական պահանջ, բայց այդ պահանջը այս պահին չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի»,- ասաց նա եւ նշեց, որ եթե համաժողովրդական պայքար լինի, ապա Նիկոլ Փաշինյանը կհեռանա:
Նա հարց բարձրացրեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետերը, ԱԺ նախագահը պատերազմից երեք ամիս անց չեն գնում Արցախ: «Անտեր են թողել Արցախի ժողովրդին, Արցախը, վաղը անտեր են թողնելու Սյունիքը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս իշխանությունները հասկացել են, որ ընտրության արդյունքում վերարտադրվելը մեծ խնդիր է լինելու իրենց համար:











